Հարավկովկասյան տարածաշրջանը վերածվել է աշխարհաքաղաքական բևեռների մրցակցության սրացման թատերաբեմի


09:18 , 11 նոյեմբեր, 2013

Հարավկովկասյան տարածաշրջանը վերածվել է աշխարհաքաղաքական բևեռների մրցակցության սրացման թատերաբեմի: Պատմականորեն գերտերությունները մեծ ուշադրություն են դարձրել այս տարածաշրջանին, որի աշխարհագրական դիրքն ու էներգետիկ ռեսուրսները հնարավորություն են տվել վերահսկողին կասպիական ու սևծովյան միջանցքով թափանցելու Մերձավոր Արևելք և կտրել կամ միացնել հյուսիս-հարավ կամ արևմուտք-արևելք գեոստրատեգիական հոսանքները: Արևմուտքի համար Հարավային Կովկասն ընկալվել է որպես միասնական ռեգիոն, որի վրա ազդեցության մեխանիզմն այնտեղ տեսել են ինտեգրացիոն գործընթացի մեջ (ինտեգրացիան տվյալ դեպքում ենթադրում է ոչ այնքան երեք երկրների միջև տեղի ունեցող գործընթաց, որքան ԵՄ կառույցներին ինտեգրվելու միասնական փափեթ): Դրա համար Արևմուտքի կողմից մշակվել են քաղաքական ինտեգրացիոն այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ԵՀԿ-ն, Արևելյան գործընկերությունը, Ասոցացման համաձայնագիրը, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին և այլն: Ռուսաստանի պարագայում ազդեցության սփռման քաղաքականությունն այլ է. այն հիմնվում է ավելի ֆրագմենտար վերահսկողության վրա, այսինքն՝ որ պետությունը, որ պահին հնարավոր է, ուրեմն այդ պահին էլ պետք է ներքաշել: Դա վերջնականապես տեղի ունեցավ Հայաստանի հետ, որը ցույց տվեց, որ Արևմուտքի համար ինտեգրացիոն քաղաքականությունն այլևս դժվար իրականանալի է: Մաքսային մտնելով, փաստորեն, Հայաստանը վերջ դրեց ինտեգրման ամենաառաջնային ասպեկտին՝ տնտեսականին, որով աշխարհաքաղաքական հարաբերությունները տարածաշրջանում կարող են որակական փոփոխություններ կրել: Այսպիսով, ավելի հստակ ձևավորվում և խաչաձևվում են աշխարհաքաղաքական հզորագույն հորիզոնական (Արևմուտք-Թուրքիա,-Վրաստան՝ հավանաբար ներառելով Ադրբեջանը) և ուղղահայաց (Ռուսաստան-Հայաստան-Իրան) գծերը: Սակայն Արևմուտքի համար այսպիսի գիծը ձեռնտու չէ, որովհետև նախ՝ կիսվում է Հարավային Կովկասը, հետո Միջին Ասիան դառնում է դժվարանցանելի, իսկ Մերձավոր Արևելքը, որը ԱՄՆ-ի 20-րդ և 21-րդ դդ.-ի ամենանվիրական աշխարհաքաղաքական շահերի իրացման կիզակետն է, բաժանվում է ազդեցության գոտիների Իրանի դիրքերի ամրապնդման, որը ենթադրում է նաև Սիրիայի հարցի բարդացում: Ահա թե ինչու, փոքրիկ Հայաստանն ունի աշխարհաքաղաքական այնքան կարևորություն, որ նրանով սկսել են զբաղվել Վաշինգտոնում (հիշենք Հեֆֆերնի ակնարկները): Հայտնի է, որ որևէ երկրի կամ ռեգիոնի վրա ազդեցության տարածման համար գեոպոլիտիկայի օրենքներով պետք է այն շրջափակել դաշնակցային երկրներով, որպեսզի ներթափանցումը լինի անխուսափելի, առանց որևէ այլընտրանքի տվյալ երկրի կամ ռեգիոնի համար: Հիմա որոշակի դերակատարություն է ստանձնել Արևմուտքի համար ստրատեգիական միջանցք հանդիսացող Թուրքիան, որի ԱԳՆ նախարարը օրերս հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է բացել սահմանը ՀՀ-ի հետ (իհարկե, նա չէր կարող անտեսել Ադրբեջանին, դրա համար էլ հավելեց, որ եթե Հայաստանը զորքերը դուրս բերի Ղարաբաղից, բայց դա դիվանագիտական տրյուկ էր): Ստացվում է, որ Արևմուտքն օգտագործում է Թուրքիայի սահմանը որպես Հայաստանի վրա ազդելու լրացուցիչ հնարավորություն: Սահմանի բացումը Անկարայի համար ձեռնտու է, քանի որ նա ավելի կմոտենա մոսկովյան քաղաքականությանը, ավելի կներքաշվի հարավկովկասյան գործընթացներին և կկարողանա նվազեցնել Իրանի դերը: Այսպիսով, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը ներքաշվում է գործընթացների էսկալյացիայի հետևյալ մակարդակներ.
1. արևմտյան ինտեգրացիոն մոտեցման վախճան
2. գլոբալից ռեգիանալ տերությունների մրցակցության ուժեղացում
3. ռուսական հատվածական ազդեցության ամրապնդում
4. աշխարհաքաղաքական գծերի ուրվագծում
5. աշխարհաքաղաքական մրցակցային դաշտի հստակություն