Tchotchkan Tailing Dump Has Already Blocked the Water Springs of Ayrum Village  (Video)Ecolur.org-ը գրում է.

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի թափոններով աղտոտվածությունը  ահռելի է: Կոմբինատի մի կողմում` դեպի Ճոճկան տանող մայրուղու երկարությամբ, պոչամբարներ են: Մեկը գործող Ճոճկանինն է: Այն շատ արագ է լցվում եւ արդեն փակել է Այրում գյուղի ջրի աղբյուրները: Շուտով կբարձրանա մինչեւ Ճոճկան գյուղի ջրային աղբյուրները, որոնք Այրումից վերեւ են տեղակայված: Հավանաբար, որպեսզի պոչամբարը այդքան արագ չլցվի, պոչերը թափվում են նաև պահուստային ռեզերվուար: Այն կոմբինատից հեռու չէ և պոչամբար չէ: Ռեզերվուարի կողքին լցակույտեր են, որոնք աստիճանաբար լցվում են Ախթալա գետը: Ներքևում փակ պոչամբար է, որը հայտնի է Նազիկ անունով: Կոմբինատը ռեկուլտիվացրել է պոչամբարը եւ ծառեր տնկել: Նրանք աճում են հողի վրա, որով ծածկված են պոչերը: Հողը քիչ է, եւ չծածկված պոչերը անձրեւների հետ միասին լցվում են Ախթալա գետ: 

Մյուս ճանապարհը տանում է բաց եղանակով շահագործվող Շամլուղի հանքավայր: Այս մայրուղին նույնպես զբաղեցված է կոմբինատի աղտոտող օբյեկտներով: Վերևում` Շամլուղ գյուղի մոտ, բաց հանքն է և լցակույտեր, ներքևում՝ հանքախորշեր, որոնցից դուրս է գալիս Ախթալա գետը: Ջրի կազմը հիշեցնում է հանքաքարի կազմը և հանքաքարի տարրերի պարունակությունը ջրում գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մի քանի ՀԱԶԱՐ անգամ: Վագոնիկները հանքաքարի մնացորդները թափում են մոտակա կիրճը: Իսկ հարեւանությամբ Լոռու զարմանահրաշ բնությունն է` ձևափոխված, բայց դեռ կյանքի համար պայքարող: Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել