Այս պահին Համահայկական բնապահպանական ճակատի անդամներ Լևոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը, Սյուզի Պետրոսյանը և Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը գտնվում են Սյունիքի մարզում՝ Ողջի գետի Գեղի վտակի վերին հոսանքների մոտ՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վերև: Նրանք ահազանգում են, որ այս հատվածում «Լեռ - էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվում է հանք, որի հարստացուցիչ ֆաբրիկայից ներքև՝ ձորի մեջ, կառուցված է փոքր, անհասկանալի պոչամբար: Գեղի գետի ջուրը որոշակի հատվածում հոսում է պլաստմասե խողովակների մեջ և անցնում է պոչամբարի կողքով, սակայն խողովակները պայթել են (ամենայն հավանականությամբ՝ գետի վարարման պատճառով), և խողովակների ջուրը լցվում է պոչամբարի մեջ, իսկ պոչամբարից՝ խառնվելով թափոնների հետ, այս պահին թափոնաջրերը գնում-լցվում են Գեղի գետը: 
Նախ՝ հարց է առաջանում՝ ո՞ր նախարարությունը կամ պատկան մարմինն է թույլ տվել, որ նման հզորության գետը դրվի պլաստմասե խողովակների մեջ:
Եվ երկրորդ՝ եթե գետը վարարել է, և մեկ օր առաջ տեղի է ունեցել վթար (այս մասին մամուլն արդեն տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, որ Ողջի գետի վարարման հետևանքով Կապան-Քաջարան ճանապարհի 13-րդ կմ-ում գտնվող երկու կամուրջ է քանդվել (aravot.am, 26.06.2013)), ինչո՞ւ հանքի աշխատանքները չեն դադարեցվել և ինչո՞ւ են աշխատանքները շարունակվում մինչև այս պահը:

Բնապահպաններն այս մասին ահազանգել են ԱԻՆ-ին՝ տեղյակ պահելով կատարվողի մասին: Այս հաղորդագրությամբ մենք նաև ահազանգ ենք փոխանցում ՀՀ բնապահպանության նախարարությանը և ՀՀ ոստիկանությանը՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) - Pan-Armenian Environmental Front (PAEF)
Ֆեյսբուքյան էջ / Facebook page: https://www.facebook.com/armecofront?ref=hl
Ֆեյսբուքյան խումբ / Facebook group: https://www.facebook.com/groups/armecofront/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել