Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի հարազատներին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է.

«Արցախում խոր ցավով տեղեկացան անվանի հասարակական- քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի մահվան մասին:

Վաղաժամ կյանքից հեռացավ մի անձնավորություն, ով եղել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկը և արել է հնարավորն ազատ ու անկախ Արցախի Հանրապետություն կառուցելու ուղին բռնած արցախցիների օրինական շահերի պաշտպանության համար:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն և ոգու կորով»:

Հիշեցնենք, որ 61 տարեկան հասակում երկարատև ու ծանր հիվանդության հետևանքով հունիսի 17-ին Երևանում մահացել է քաղաքագետ, տնտեսագետ Իգոր Մուրադյանը: Նա նախաձեռնել է «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել