Operativ.am -ը գրում է

Երևանում տեղի ունեցած «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանները մտահոգություններ են հայտնել ՀՀ նորընտիր իշխանությունների եվրոպական քաղաքականության և դրա հեռանկարների վերաբերյալ:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով դեսպանների գնահատականներին՝ ասել է, թե խոսքը ոչ թե մտահոգությունների, այլ՝ անորոշության մասին է:

Նրա խոսքով՝ ԵՄ-ում մտահոգություններ չկան, քանի որ Հայաստանն ինքն է որոշում իր հարաբերությունները գործընկերների հետ: Գործընկերները, նրա խոսքով, այդ ընտրությունը միշտ պետք է հարգեն, ինչպես ԵՄ-ն արել է՝ այս հարաբերություններում մշտապես հարգելով նույնիսկ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու՝ հայկական կողմի որոշումը:

Չարնեցկին նշել է, որ կա անորոշություն, քանի որ ՀՀ նոր կառավարությունը չի արտահայտել իր դիրքորոշումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագայի հարցում, կառավարության ղեկավարը չի ծրագրել այց Բրյուսել և նման հարցեր:

«ԵՄ-ն մշտապես ցանկանում է ունենալ կանխատեսելի գործընկերներ, կանխատեսելի հարաբերություններ ներկայիս ժամանակաշրջանում, երբ, ինչպես դեսպանն է նշել՝ ալեկոծությունները շատ են: «Արևելյան գործընկերություն» ծրագիրը մարտահրավերներ է հաղթահարել՝ ԵՄ-ի ներսում պահպանվելու համար: Առաջիկա օրերին ՀՀ ԱԳ նախարարը կլինի Բրյուսելում և, կարծում եմ` եթե կան հարցեր, նա դրանց պատասխանները կհնչեցնի:

Ներկայիս փուլը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար զգայուն է այն առումով, որ ստորագրված համաձայնագրի իրականացման փուլն է, դրան սպասում էին երկու կողմերը: Դրա արագությունը համապատասխան ազդակներ կտա Բրյուսելին, որ ԵՄ-ի կողմից վավերացումը ևս պետք է արագ տեղի ունենա: Եթե դեսպանն ասում է՝ ժամանակ չկորցնել, նշանակում է, որ նոր Կառավարությունը դեռ չի հասցրել անդրադառնալ այս հարցին»,- ասել է նա:

Նա նաև հիշեցրել է, թե «արդարության համար պետք է նաև նշել, որ ԵՄ-ն ՀՀ-ի ամենամեծ դոնորն է և ավելի մեծ ներդրումներ կանի՝ համապատասխան քաղաքական կամքի պարագայում»:

Իսկ ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ միայն ԵՄ դեսպանները կարող են ասել, թե ինչ ազդակներ են ստացել կամ չեն ստացել Երևանից:

«Հնարավոր է՝ ենթադրություններով առաջնորդվելով, նման դիտարկումներ են անում՝ փորձելով թեման բացել և անհանգստություն առաջացնել ՀՀ իշխանությունների մոտ, քանի որ ՀՀ իշխանություններն ակտիվ շփումներ են ունենում ՌԴ-ի հետ: Չի բացառվում նաև, որ եվրոպական կողմը որոշ հիմքեր ունի նման հայտարարությունների համար, որոնցից մենք տեղյակ չենք»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել