Yerkir.am-ը գրում է.

«Արամ Խաչատրյան» համերգասրահում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց մշակույթի գործիչների հետ: 

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը վարչապետից հետաքրքրվեց` ժամանակին պատմության և մշակութային պահպանության կոմիտե ունեինք, հնարավո՞ր է այն վերականգնվի:  

Վարչապետը պատասխանեց, որ մշակույթի նախարարությունում կա հուշարձանների պահպանության գործակալություն: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ այնտեղ բարեխիղճ մարդիկ են և կատարում են իրենց աշխատանքը: Մամուլում քննադատություններ էին հնչում` ո՞ւր է նայում այդ գործակալությունը, երբ այս կամ այն հուշարձանն է ոչնչացվում: Իրականում նրանք իրենց գործառույթը կատարել են, համապատասխան հանձնարարականներ են տվել այն մարմիններին, որոնք պետք է ապահովեին այդ հուշարձանների պահպանությունը, բայց մարմիններն անգործություն են ցուցաբերել»,- ասաց Փաշինյանը:

Նա իր միտքն ավելի պարզեցրեց. «Ավելի պարզ ասեմ` եթե գործակալությունն ուզում է հուշարձանը պահպանել, իսկ կառավարությունը չի ուզում պահպանել, պարզ  է` գործակալությունը չի կարող իր վերադասի կամքը հաղթահարել և պահպանել հուշարձանը»:

Վարչապետն ընդգծեց, որ հուշարձանների պահպանության առումով իրենց քաղաքականությունը միանշանակ է: «Մենք երաշխավորում ենք, որ ՀՀ-ում այլևս ոչ մի մշակութային հուշարձան չի վնասվի, չի ոչնչացվի, եթե ինչ-որ միջամտություն էլ կարվի, միայն դրա պահպանության նպատակով կարվի»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել