Armenpress.am-ը գրում է.

Ճապոնիայի կառավարությունն ապրիլի 29-ին հայտարարել է Գարնանային շքանշանի հանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: Երգիչ Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է և, ճանաչելով նրա ներդրումը Ճապոնիայում երաժշտության զարգացման և Ճապոնիայի և Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման գործում, նա արժանացել է «Ծագող արևի» շքանշանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունից:

«Պրն. Ազնավուրը, ով նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է, ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում արտասահմանում, այդ թվում՝ Ճապոնիայում: Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր ջերմ շնորհավորանքն է հղում նրան շքանշանը ստանալու առթիվ»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով 93 տարեկանում էլ շարունակում է ակտիվ բեմական կյանքով ապրել, առաջիկայում համերգներ կունենա Ճապոնիայում: Համերգները տեղի կունենան շանսոնյեի ծննդյան օրվան նախորդող և հաջորդող օրերին՝ մայիսի 21-ին Օսակա քաղաքում և 23-ին` Տոկիոյի Սիբույա շրջանում:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել