«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

««Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը խորը մտահոգություն է արտահայտում  երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Հանրապետությունում արդեն արմատացած ժողովրդավարական ավանդույթը մեր քաղաքացիներին հնարավորություն է տվել ազատ արտահայտելու իրենց կարծիքը, մտահոգություններն ու անհանգստությունները։ Այսօր մեր երկրում արձանագրված հաջողությունների հետ մեկտեղ առկա շատ խնդիրներ ու դժվարություններ, որոնք հանգեցրել են անվստահության և մեր հայրենակիցների մի մասին ստիպել են բարձրացնել իրենց բողոքի ձայնը և դուրս գալ փողոց:

Հարգելով հանրահավաքի և երթերի մասնակիցների օրինական իրավունքները՝ ուզում ենք նշել, որ առկա իրավիճակը՝ մասնավորապես ճանապարհներ փակելը, խոչընդոտում է շտապ օգնության և առողջապահական հիմնարկների բնականոն աշխատանքը:

Կան բազմաթիվ հիվանդներ, որոնք պարբերաբար բժշկական  կազմակերպություններ այցելելու անհրաժեշտմոթյուն ունեն՝ հետազոտվելու, բժշկական որևէ միջամտություն կամ դեղորայք ստանալու նպատակով:  Նման հիվանդների բուժման ընթացքին որևէ ձևով խոչընդոտելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ նրանց առողջության վրա:

Սիրելի հայրենակիցներ, իհարկե, մեր երկրում կան հրատապ լուծման կարոտ բազում հարցեր և խնդիրներ, սակայն հասարակության բևեռացումը, թշնամանքի սերմանումը, անհանդուրժողականությունը կարող են խաթարել մեր երկրի առանց այն էլ փուխր անվտանգությունը:

Կոչ ենք անում ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով գտնել ուղիներ՝ առաջնորդվելով հանդարտ և խոհեմ սկզբունքներով»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել