Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս արձանագրում է, որ վերջին օրերին հանրապետությունում անհանդուրժողականության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց և խմբավորումների կողմից շարունակվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող նոր հանցագործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը։
Ազգային անվտանգության ծառայությունը կրկին զգուշացնում է, որ ստեղծված իրավիճակից օգտվելու ակնկալիքներ ունեցող և հակաօրինական նպատակներ հետապնդող հիշյալ անձինք և նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, և պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Ազգային անվտանգությանը սպառնացող հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների և պայմանների վերացման, ահաբեկչական ու ծայրահեղական ցանկացած դրսևորումների և հանրորեն վտանգավոր այլ արարքների կանխման ու խափանման նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք կիրառելու է օրենքով իրեն վերապահված հակազդման միջոցների ողջ գործիքակազմը։
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել