Tert.am-ը գրում է.

21։28 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Ռուբեն Ռուբինյանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին կոչ արեց ժամը 22:00-ից հետո չմնալ փողոցներում: 

«Ժամը 10-ից հետո ոչ ոք փողոցում չի մնում: Փոքրիկ համերգից հետո բոլորս գնում ենք տուն: Սոնա Շահգելդյանը ելույթ կունենա, որից հետո բոլորս գնում ենք տուն: Ով ժամը 22:30-ից հետո մնաց փողոցում և գործողություններ կատարեց, նա մեզ հետ կապ չունի»,- հայտարարեց նա:

Սոնա Շահգելդյանը երգեց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր, հայրենի» երգը, որի ժամանակ քաղաքացիները ըստ ավանդույթի վառեցին հեռախոսների լույսերը և սկսեցին միասին երգել:

21:13 

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին իր խոսքում ասաց, որ չպետք է շեղվել ի սկզբանե հայտարարվածից՝ խաղաղ անհնազանդությունից և շարունակել պայքարն այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում չստորագրի:

«Սե՛րժ Սարգսյան, ես Ձեզ խնդրում եմ՝ շուտ արեք այդ բանը: Չնայած մենք դեմ չենք վայելել այս իրավիճակը, որ կատարվում է Երևանի փողոցներում, դա մեզ միայն ու միայն հաճույք է պատճառում: Բայց ես խնդրում եմ, մի՛ վտանգեք պետությունը և օր առաջ կատարեք ձեր քայլը»,- ասաց նա:

Իր խոսքի վերջում Աննա Հակոբյանը հավաքվածներից խնդրեց ողջունել այս պահին անազատության մեջ գտնվող բոլոր ցուցարարներին:

21։ 05

Ելույթ ունեցավ դերասան Հովհաննես Ազոյանը՝  նշելով, որ ստիպված է խոսել, քանի որ Նիկոլը հրապարակում չէ։

«Մարտի 1 այլևս չի լինելու: Որովհետև «Մարտի 1-ի» զոհերը մեզ նվիրեցին կյանք: Մեզ նվիրեցին ապրելու իրավունք, մեզ նվիրեցին քաղաքակիրթ ապրելու իրավունք: Հիմա մեր գործը, մեր իմաստը գոյության քաղաքակիրթ ապրելն է: Որովհետև մեր պայքարն էլ քաղաքակիրթ երկիր ունենալն է: 

Քաղաքակիրթ հասարակություն ունենալն է, քաղաքակիրթ մարդ լինելն է»,-Հովհաննես Ազոյանը հարցրեց՝ ինչ է մեզ խանգարում՝ լինել այնքան քաղաքակիրթ, որ քաղաքակիրթ աշխարհը չհանդուրժի, որ երիտասարդությանը վնասեն: 

Նա հրապարակի մասնակիցներին խնդրեց ավելի քաղաքակիրթ, շատ ավելի քաղաքակիրթ լինել, քան 1 վայրկյան առաջ:

«Խնդրում եմ՝ պահեք ձեզ շատ քաղաքակիրթ»,-Հովհաննես Ազոյանը իր խոսքը հավելեց՝ ասելով՝ կեցցե քաղաքակիրթ Հայաստանը:

21։00 

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի կազմակերպիչներից Մարիա Կարապետյանը հավաքվածներին ինքնակազմակերպվելու կոչեր արեց: Նա նշեց, որ վաղվանից աշխատանքի նման պետք է գնալ հեղափոխության: Մարիա Կարապետյանը նաև հորդորեց ինքնակազմակերպվել մասնագիտական խմբերի միջոցով՝ բժիշկներ, մանկավարժներ: 

«Այս օրերի ընթացքում մենք յուրացրել ենք մեր փողոցը, մենք հաղթահարել ենք վախը, հուսահատությունը և անտարբերության մթնոլորտ՝ խաղաղ անհնազանդության մեթոդով, որովհետև այն անպարտելի է: Այս օրերի ընթացքում հաջողվել է նաև մեր և ոստիկանության միջև ջրբաժանը փոքրացնել: Նրանք հասկացել ենք, որ մենք գտնվում ենք նույն նավի մեջ: Ոստիկա՛ն, զենքդ դիր և միացիր մեզ»,- հայտարարեց Մարիա Կարապետյանը:

«Մենք նաև ակցիայի ձև ենք մտածել: Այսօր երեկոյան ժամը 11-ին, երբ արդեն տանը կլինեք, բոլորդ ձեր պատուհաններից հանեք կաթսաները և շերեփները և հնչեցրեք Սերժ Սարգսյանի վերջին զանգը»,- ասաց նա:

Նշենք, որ հարթակին մոտեցավ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, սակայն նրան թույլ չտվեցին ելույթ ունենալ՝ «հե-ռա-ցիր» վանկարկումներով: 

Քիչ հետո Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ամբիոնից ու ներողություն խնդրեց  Զարուհի Փոստանջյանից միջադեպի համար: 

«Պատճառն այն էր, որ նա մինչև շարժումն սկսելը հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է»,-հավելեց Աննա Հակոբյանը:

20։41

Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունից հետո ի հայտ է եկել նոր կարգախոս՝ առաջնորդը ես եմ, որը հրապարակը վանկարկում էր:

Հանրահավաքը վարող Ռուբեն Ռուբինյանը հայտարարելով, որ իրեն մոտենում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և ցանկանում ելույթ ունենալ:

«Ես ուզում եմ բացատրել, թե ինչով է պայմանավորված մեր այսքան սելեկտիվ մոտեցումը, որովհետև շատ կարևոր է, որ այս հարթակից հնչեն միանման, տրամաբանական ելույթներ: Ես խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին չնեղանալ, սա հստակության խնդիր է, իսկ հստակությունը այսպիսի գործերում կարևորագույն պահանջ է: Բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք ցանկանում են միանալ մեր շարժմանը, ես անձամբ պատրաստ եմ հանդիպել և խոսել: Եթե ազատության մեջ լինեմ»,-ասաց երիտասարդը։

Ապա հրապարակին ողջույնի խոսք հղեց դերասան Նիկոլայ Եղիազարյանը:

«Ողջույն, իմ միասնական և հպարտ ժողովուրդ: Հպարտ եմ, որ ձեզնից մեկն եմ, հպարտ եմ, որ մենք մեկն ենք, բայց մենք շատ ենք: Ու ավելի ենք շատանալու: Եվ մեր քայլը մեկն է՝ միացում և քայլ առաջ»,-ասաց դերասանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել