«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել։

«Տևական ժամանակ է շարունակվում են մեր հազարավոր հայրենակիցների ինքնաբուխ բողոքի ցույցերն ու հանրահավաքները: Երկրում առկա լրջագույն սոցիալ-տնտեսական, համակարգային չլուծված բազմաթիվ հիմնահարցերը, արդարության և վստահության ճգնաժամը՝  մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների  բուռն դժգոհության և ընդվզման ալիք են բարձրացրել: 

Մեկ բան հստակ է՝ Սահմանադրությամբ  երաշխավորված իրենց օրինական իրավունքները իրացնող ՀՀ  քաղաքացու հանդեպ պետք է բացառել   ուժի  որևէ կիրառում: Բռնության ցանկացած դրսևորում կհանգեցնի այնպիսի անկանխատեսելի և վտանգավոր հետևանքների, որոնք անդառնալի վնաս կհասցնեն  Հայաստանի Հանրապետությանը:

Ստեղծված  պայթունավտանգ իրավիճակը պահանջում է հրատապ քաղաքական լուծումներ: Լուծման ճանապարհ կարող է լինել երկխոսությունը:  Կոչ ենք անում  իշխանությանը և ժողովրդական ընդվզման ներկայացուցիչներին հստակ ձևակերպված քաղաքական օրակարգով  սկսել  երկխոսություն ՝  ստեղծված իրավիճակը  հնարավորինս  անցնցում հանգուցալուծելու համար»,-ասված է հայտարարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել