168.am-ը գրում է.

ՀՅԴ-ի համար զարմանալի չէ, որ ՀՀԿ-ն կարող է վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, որում վերջինս չէր բացառել վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու հնարավորությունը: «Վարչապետի թեկնածու առաջադրելու օրերը մոտենում են, մոտ ժամանակներս խնդիրը վերջնական լուծում կստանա», – նշեց Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ Դաշնակցությունը երբեք չի բացառել, որ Սերժ Սարգսյանը կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում. «Մենք սահմանադրական փոփոխությունները դրանով չենք պայմանավորել: Մենք մեր «այո»-ն ասել ենք՝ անկախ նրանից, հետագայում Սերժ Սարգսյանը կդառնա՞ վարչապետ, թե՞ ոչ», – նշեց նա։

Ռուստամյանն անհրաժեշտություն որակեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ վերջինս իր փորձը պետք է փոխանցի երիտասարդ քաղաքական լիդերներին։ «Սերժ Սարգսյանն ունի հսկայական փորձառություն, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Ես դրական եմ համարում, որ Սերժ Սարգսյանը համարում է իր թիվ մեկ գործը՝ այդ փորձը հաջորդ սերունդներին փոխանցելը։ Եթե որևէ մեկին թվում է, որ նոր մեկը կգա՝ անկախ իր ունեցած գիտելիքներից և ունակություններից ու լուրջ խնդիրների առջև չի կանգնի, ապա նա չարաչար սխալվում է։ Փորձը շատ մեծ նշանակություն ունի այս պրոցեսների մեջ», – ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Ռուստամյանը նաև ընդգծեց, որ հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես՝ ՀՀ-ում տիրող միանձնյա ղեկավարման համակարգի փոփոխությունն առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէին կարող տեղի ունենալ։ «Այդքանը մենք համարում ենք բավարար, որ հարգենք թե՛ նրա անձը, թե՛ նրա կայացրած որոշումները», – ասաց Ռուստամյանն՝ ընդգծելով, որ վարչապետի թեկնածու առաջարկելու իրավունքը Հանրապետականինն է, և եթե նրանք առաջարկեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա ՀՅԴ-ն հարգանքով կմոտենա այդ որոշմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել