Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտում է Երևանից Մոսկվայի ուղղությամբ մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների հետ կապված մանրամասները: Ինչպես տեղեկացրին դեսպանությունից, ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով մահացել է երկու մարդ: Բախման ժամանակ ավտոբուսում եղել է 50 մարդ` 2 վարորդն ու 48 ուղևորը:

Վթարի հետևանքով 8 մարդ հոսպիտալացվել է Պավլովի կենտրոնական հիվանդանոց: Բժիշկները երեքի առողջական վիճակը գնահատում են ծանր, երկուսինը` միջին ծանրության: Նրանցից մեկը դուրս է գրվել:

Հիվանդանոց տեղափոխված մյուս երկու վիրավորները դեռ հետազոտման փուլում են: Մնացած մոտ 40 հոգին տեղափոխվել են «Как дома» հյուրանոց:

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախնական տվյալներով վթարի պատճառն ավտոբուսի հանդիպակաց ուղղություն դուրս գալն է եղել:

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոբուսի վերջնական ուղղությունը Տվերն էր: Վթարը տեղի է ունեցել Վորոնեժի շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել