Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այցելել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Մարտի 24-ին եւ 27-ին Երեւանում էստոնիայի եւ Լիտվայի ընտրանիների հետ կայանալիք ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար հայրենիք ժամանած Հենրիխ Մխիթարյանը այսօր այցելել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ: Այցի հիմնական նպատակը վիրավոր և հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումն էր:

 ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ: Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել