Tert.am-ը գրում է.

Մեկ ամսից Հայաստանում տեղի ունենալիք վարչապետի ընտրություններն անցկացվելու են խորհրդարանի կողմից՝ բաց ռեժիմով: Սա նշանակում է, որ պատգամավորները քվեարկելու են անվանական՝ կոճակների միջոցով, ինչպես բոլոր օրինագծերի պարագայում, և պարզ է դառնալու, թե ով ինչպես է քվեարկել վարչապետի թեկնածուի օգտին:

Ավելին, Tert.am-ի հետ  զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ քվեարկությունը հեռարձակվելու է ուղիղ եթերում, և եթե որևէ մեկը շփոթվի «կողմ»-ի փոխարեն «դեմ» քվեարկի, կամ հակառակը, ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս հենց այդ պահին ձայն բարձրացնել, տեղեկացնել, որ շփոթվել է կամ տեխնիկական խնդիր կա՝ կոճակը չի աշխատում:

«Վարչապետի քվեարկության խնդիր, քաղաքական առումով, չենք տեսնում, որովհետև, ըստ Սահմանադրության, վարչապետ է ընտրվում նա, ով ունի քաղաքական մեծամասնության վստահությունը:

Իսկ քաղաքական մեծամասնությունն ունի 58 մանդատ, ոչ թե 3-4, գումարած ՀՅԴ մանդատները: Մենք ունենք 65 ձայն, այսինքն՝ 12 ձայնով ավելի, քան պահանջվում է վարչապետի ընտրության համար: Էլ չեմ բացառում, որ կլինեն ուժեր կամ ուժ, որը ևս կողմ կքվեարկի վարչապետի մեր թեկնածուին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Խորհրդարանի փոխխոսնակը նշեց, որ ի սկզբանե բացառում են, որ ՀՀԿ-ում որևէ մեկը կարող է «դեմ» կամ «ձեռնպահ» լինել վարչապետի իրենց թեկնածուին: ՀՀԿ-ը, նրա խոսքով,  կազմակերպված, միասնական ու կարգապահ ուժ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել