ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Դեռ անցած տարեվերջին  նախարարի գլխավորած պատվիրակության այցի ընթացքում Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները ներկայացվել են Արցախի առողջապահության կազմակերպիչներին և մասնագետներին` դրանք  այնտեղ տեղայնացնելու նպատակով։

Լևոն Ալթունյանի  հերթական այցի շրջանակում կքննարկվեն այդ առթիվ կնքված Համաձայնագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ընթացքը։ Նախարարին ուղեկցում է ՀՀ ԱՆ  կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրման հանձնաժողովի նախագահ Հարություն Մանգոյանը, ով արցախցիներին կօժանդակի կարևոր այս ծրագրի ներդրմանը։

Նախարար Ալթունյանը մարտի 17-ին Ստեփանակերտում հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանի, ստացիոնար և առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների հետ։ Կքննարկվի ծրագրերի տեղայնացման ընթացքը, միաժամանակ Լևոն Ալթունյանը կներկայացնի առողջության պահպանման առաջնային օղակի բարելավման տեսլականը, այդ օղակի բժիշկների աշխատանքի գնահատման ցուցանիշների արդյունքներով բոնուսների տրամադրման և դրանց հիման վրա աշխատավարձների բարձրացման մեխանիզմը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել