Tert.am-ը գրում է.

Chatham House-ի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող, Caucasus Survey ամսագրի գլխավոր խմբագիր Լորենս Բրոերսի խոսքով՝ առայժմ հնարավորություն չկա, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի շփման գծում, սակայն, նրա կարծիքով, լարվածության աճ կլինի: Tert.am-ի հետ զրույցում փորձագետը նկատեց, որ հետխորհրդային տարածքում գործող մեծածավալ, ինչպես նաև՝ փոքրածավալ պատերազմները կանխարգելելու համար պատասխանատու կառույցն իրականում խոցելի է, և Ադրբեջանը հետագայում կչարաշահի այդ խոցելիության փաստը՝ օգտագործելով նաև տեղական և միջազգային լծակներ, սպառնալիքներ և հնարավորություններ:

-Պարո՛ն Բրոերս, Դուք ապրիլյան պատերազմից հետո հայտնել էիք, որ լավ կլինի, որ շփման գծում ԵԱՀԿ մոնիտորինգային խումբն ընդլայնվի: Այս ընթացքում կողմերի միջև հանդիպումներից հետո բազմաթիվ հայտարարություններ են եղել այդ ուղղությամբ քայլեր անելու մասին:

Այս տարվա սկզբին էլ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո, հայտարարվեց, որ նախատեսվում է Կասպրշիկի գրասենյակի ընդլայնում, սակայն այս ուղղությամբ ոչ մի քայլ դեռ չի արվում: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է դրա պատճառը:


-Կարծում եմ, որ դա ընդամենը մեկ բաղադրիչ է կարգավորմանն ուղղված աշխատանքների ավելի լայն համատեքստում: Խնդիրը, ըստ իս, այն է, որ քանի դեռ չկա համաձայնություն բոլոր կետերի շուրջ, առանձին բաղադրիչների մասով առաջընթացը բացառված է: Ինչպես գիտենք, Ադրբեջանը խիստ մտահոգված է առաջնագծի ամրապնդման հարցի շուրջ, և անվտանգության մեխանիզմների ներդրումը, այդ թվում՝ դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի կարողությունների ընդլայնումը, նրանք դիտարկում են հենց դրան ուղղված քայլ: Չեմ կարծում՝ նրանք ունեն այս մանդատի ընդլայնման հետ կապված որևէ ռեալ ռազմավարական հետաքրքրություն: Եթե դա չի առնչվում կոնկրետ հարցերի, օրինակ՝ բանակցություններում առաջընթացին, ուրեմն Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են ընկալում այս ողջ գործընթացում հնարավոր տեղաշարժերը:

-Չե՞ք կարծում, որ  եթե կողմերը համաձայնության չեն գալիս, գոնե միջազգային կառույցները պետք է իրենց ազդեցությունն օգտագործեն՝ համաձայնություններն իրականացնելու համար:

- Չեմ կարծում, որ միջնաժամկետ հեռանկարում կտեսնենք վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ: ԵԱՀԿ-ն՝ որպես կազմակերպություն, աշխատում է կոնսենսուսի հիման վրա և որևէ միջոց չի կարող պարտադրել: Ուստիև, մնում է, որ կողմերն իրենք հասկանան՝ արդյոք դա իրենց շահերից է բխում: Ներկա պահին մենք այնպիսի քաղաքական շրջանում ենք, երբ Հայաստանում կյանքի են կոչվում սահմանադրական փոփոխությունները, իսկ Ադրբեջանը պատրաստվում է ընտրությունների, այդ իսկ պատճառով պետք է սպասենք մինչև «փոշին նստի», և ազատ դաշտ ստեղծվի ավելի ինտենսիվ բանակցությունների համար: Ձեր հարցին հակիրճ պատասխանելով՝ կասեմ միայն, որ այս պահին ես որևէ առաջընթաց չեմ սպասում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել