Tert.am-ը գրում է.

Tert.am-ը Նոյեմբերյանում նոր հանքավայրի հնարավոր շահագործման առիթով զրուցել է աշխարհագրագետ, «Հայաստանի բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանի հետ: Ըստ Գալստյանի՝ Հայաստանում մետաղական հանքեր շահագործողները հանքահեններ են, որոնք իրենց նպատակներին հասնելու համար, ի դեմս Հայաստանի, գտել են աղքատ երկիր և համապատասխան կառավարություն:

-Պարո՛ն Գալստյան, բնապահպանի համար առաջնային է միայն բնապահպանությունը, բայց ոչ տնտեսությունը, և մյուս կողմից մեր տնտեսական աճի առյուծի բաժինն ընկնում է հանքարդյունաբերությանը:

-Ինչ վերաբերում է տնտեսական էֆեկտին, վերջին 5 տարում ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերությունը տվել է միջինը մոտ 3 տոկոս: Եթե այդ 3 տոկոսի համար արժե այդ ամենը՝ հողը, ջուրը, գյուղմթերքը, մեր կենսոլորտը ոչնչացնել, ուրեմն այդպես մտածողները կարճամիտ մարդիկ են:

Իսկ մեր հանքարդյունաբերության աշխատատեղերի քանակը մոտ 10 000 է: Դա Հայաստանի զբաղված բնակչության ընդամենը 0,9 տոկոսն է: Այդ թվերն ինչպե՞ս կարող են հիմք հանդիսանալ ինչ-որ տնտեսական առաջընթացի համար: Չեն կարող:

-Քանի որ տնտեսությունն ու էկոլոգիան ինչ-որ առումով անհամադրելի են, կարո՞ղ եք ասել՝ ինչ ճանապարհով է գնում աշխարհը՝ տնտեսությո՞ւն, թե էկոլոգիա։ Կամ՝ ոսկե միջին, եթե դա հնարավոր է:

-Ամեն պետություն ինքն է որոշում իր ճանապարհը, իր զարգացման ուղին: Պետություններ կան, որոնք որոշել են, որ իրենց համար հանքարդյունաբերությունն անթույլատրելի է ու արգելել են հանքավայրերն իրենց երկրում շահագործելը: Հատկապես դա վերաբերում է փոքր պետություններին՝ Սալվադոր, որն ընդհանրապես արգելել է իր տարածքում որևէ տեսակի մետաղական հանքի շահագործում, Կոստա Ռիկայում է ամբողջությամբ արգելված, կան երկրներ, որոնցում բաց արդյունահանումն է արգելված: Կան տեղեր, որտեղ աղքատ ոսկու հանքերից ցիանիդով մշակումն է արգելված: Այսինքն՝ պետություններն ու ժողովուրդներն իրենք են որոշում՝ ինչ ուղով են զարգանալու:

-Մեզ մոտ Ձեր նշած հանքարդյունաբերության բոլոր տեսակներն էլ կան՝ բաց, փակ, ցիանիդով. դրանք արդյո՞ք նորմատիվային են, տեխնոլոգիական խախտումներով չեն:

-Տեսեք՝ հարցն ինչումն է. եթե մենք խոսում ենք Հայաստանի՝ որպես աշխարհագրական տարածքի մասին, որն ունի 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ակնհայտ է, որ այն ծավալի հանքարդյունաբերությունը, որը Հայաստանում կա և նախատեսվում է իրագործել, բերելու էկոլոգիական լրջագույն հետևանքների և մեր պետության էկոլոգիական անվտանգության խաթարման: Այսինքն՝ մենք ունենալու ենք կենսատարածքների կորուստ, ջրային մաքուր պաշարների կորուստ, աղտոտված տարածքներ՝ ջրեր, հողեր, մթերք, գյուղատնտեսական արտադրանք, որը մեր ընդհանուր անվտանգության վրա կազդի, և պետությունն այլ տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունների կորուստներ կունենա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել