Իտալական «Անաս» միջազգային խմբի մեջ ընդգրկված «Anas International» ընկերությունն ուսումնասիրություններ կիրականացնի` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածը պետություն-մասնավոր հատված ձեւաչափով կառուցման եւ շահագործման նպատակահարմարության գնահատման նպատակով: 

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նախարարության եւ ընկերության ներկայացուցիչները մարտի 14-ին ստորագրեցին շրջանակային համաձայնագիր, որում ամրագրված են իրականացվելիք ուսումնասիրությունների շրջանակը եւ ժամանակացույցը:

Հայկական կողմից այն վավերացրեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վարդան Կարապետյանը, իտալական կողմից՝ «Անաս Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Բերնարդո Մագրին։

Համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի եւ «Անաս» խմբի տնօրեն Ջիանի Վիտորիո Արմանիի ներկայությամբ։

Ողջունելով իտալական շինարարական կազմակերպության հետաքրքրությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի առնչությամբ՝ նախարարը կարեւորեց Հայաստանի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ճանապարհի կառուցումը, ընդգծեց ուսումնասիրությունները բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։

Ջիանի Վիտորիո Արմանին ներկայացրեց ընկերության գործունեությունը, նշեց, որ ընկերությունը «smart» տեխնոլոգիաներով ճանապարհների կառուցման առաջատարն է Իտալիայում, ուր տնօրինում է ավելի քան 30 հազար կմ ճանապարհներ: Ընկերության գործունեությունը չի սահմանափակվում Իտալիայով. այն ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացրել տարբեր երկրներում: Նա առանձնակի կարեւորեց ընկերության փորձառությունը ճանապարհաշինության ոլորտում, այդ թվում` թունելների եւ կամուրջների շինարարության գործում։ Ջիանի Վիտորիո Արմանին ընդգծեց, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհը ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար ունի ռազմավարական կարեւոր նշանակություն:

Նախարար Վահան Մարտիրոսյանը, կարեւորելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ճանապարհաշինության ոլորտում, վստահություն հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքում ձեւավորվելիք առաջարկում տեղ կգտնի միջազգային լավագույն փորձի կիրառումը:

Հիշեցնենք, որ 2017 թ-ի վերջին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Հյուսիս հարավի Լանջիկ-Գյումրի հատվածում, որտեղ շինաշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, պահանջել էր չշարունակել բետոնապատման աշխատանքները մինչեւ որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Նշվում էր, որ ընկերությունն իր պատասխանատվությամբ, առանց կատարված աշխատանքների որակի թեստավորման, իրականացրել է ճանապարհի 1200մ բետոնապատում, այն դեպքում, երբ որպես թեստային փորձանմուշ անհրաժեշտ էր բետոնապատել 300մ ճանապարհահատված:

Եթե որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները չհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին, չինական ընկերությունը պետք է քանդի եւ նոր, որակով բետոնապատում իրականացնի։ Նույն պահանջն է ներկայացնում նաեւ այս հատվածի վերահսկող ինժեները, ասված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նախարարը նաեւ հանձնարարել էր մշտական վերահսկողությունն սահմանել, շեղումներ լինելու դեպքում՝ համապատասխան միջոցներ կիրառել։ Նա չինական ընկերության պատասխանատուներից պահանջեց արդյունավետ եւ որակով աշխատանք՝ շեշտելով, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի հիմքի, ենթահիմքի նյութերին եւ բետոնի որակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել