Yerkir.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց վարչական գործերով ներկայացվող բողոքների վերաբերյալ: Վարչապետի խոսքով` 2017թ. նոյեմբերին անդրադարձ էր կատարվել վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացման և վարչական դատարանների բեռնաթափման հարցերին:

Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր` ուղղված նշված հարցերի կարգավորմանը: Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ, որոնք ներկայացվել են վարչական մարմինների կողմից, թեև նման գործերի կապակցությամբ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը հստակ չէ, քանի որ առկա է ձևավորված միասնական դատական պրակտիկա, արձանագրվել են ապացույցների լիարժեքության հետ կապված խնդիրներ: Ըստ վարչապետի` նման իրավիճակը բացասաբար է ազդում վերաքննիչ դատարանների ծանրաբեռնվածության վրա:

Ելնելով վերոնշյալից` նա հանձնարարեց ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել վարչական վերաքննիչ դատարանում ներկայացված այն բողոքները, որոնց կապակցությամբ դատարանի կողմից արձանագրվել են ապացույցների հավաքագրման, լիարժեքության, մեկնաբանման թերություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել