168.am-ը գրում է.

Եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորներ նամակ են հղել Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին, որում հարցրել են, թե ինչո՞ւ Վրաստանում և Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչները երբեք չեն այցելել Լեռնային Ղարաբաղ` չնայած իրավական բոլոր հիմքերի առկայությանը: Այս մասին հայտնում է Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը:

Նախաձեռնության հեղինակը դանիացի պատգամավոր Անդերս Վիստիսենն է: Նամակի հեղինակները նաև հետաքրքրվել են` որքանո՞վ են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը և ԵՄ բարձր ղեկավարությունը հաշվի առնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձայնը, քանի որ դա կարևոր նշանակություն ունի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Եվրոպական պատգամավորներին ցուցաբերած նախաձեռնության համար: Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն ընդգծել է, որ Ադրբեջանն առանց որևէ միջազգային իրավական հիմքի ստեղծել է այսպես կոչված «սև ցուցակ»-ը, որն օգտագործում է շանտաժի համար, մասնավորապես` արևմտյան քաղաքական և հասարակական գործիչների այցելությունները Լեռնային Ղարաբաղ կանխելու համար: «Ադրբեջանը օգտագործում է բոլոր միջոցները Լեռնային Ղարաբաղը մեկուսացնելու իր քաղաքականությունը իրականացնելու համար` նպատակ ունենալով խոչընդոտել Լեռնային Ղարաբաղում միջազգային կառույցների ներգրավվածությունը»,- ասել է Կարապետյանը:

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված ձևաչափը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է, որն ընդունում են նաև հակամարտող կողմերը, սակայն շեշտել է, որ Եվրոպական Միությունը կրթական և մարդասիրական ծրագրեր է իրականացնում տարածքաշրջանում հակամարտության այնպիսի գոտիներում, ինչպիսիք են Հարավային Օսեթիան և Աբխազիան: «Եվ մենք դեռ բացատրություն չունենք, թե ինչո՞ւ Եվրոպական Միությունը Արցախում նման ծրագրեր չի իրականացրել կամ չի լսել այնտեղ ապրող մարդկանց»,- ընդգծել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավարը:

Նրա խոսքով` այն փաստը, որ Եվրախորհրդարանի բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորները բարձրաձայնել են այս հարցերի մասին, ցույց է տալիս, որ ԵՄ օրենսդիրներն ավելի շատ են տեղեկացվել Արցախի ժողովրդի սոցիալական ու տնտեսական մեկուսացման մասին, և նրանց սկսել է անհանգստացնել ԵՄ-ի պասիվ պահվածքը: «Այս հարցերը շատ կարևոր են, որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ են Եվրոպական Միության պաշտոնյաները խուսափել Արցախ այցելելուց, քանի որ դա առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու լավագույն միջոցն է»,- եզրափակել է Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել