Armtimes.com-ը գրում է.

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը չի մասնակցել Փհենչհան 2018-ին, պարզապես որովհետեւ նրա մեկնարկի օրը դեռ չի եկել:

Նա ՀՀ-ն պետք է ներկայացնի փետրվարի 22-ին սլալոմ մրցաձեւում: Համացանցում թյուրիմացաբար տեղեկություն էր տարածվել, թե Աշոտը 2 մեկնարկ է ունենալու, առաջինը երեկ՝ փետրվարի 18-ին: Սակայն երեկ նա ելույթ չի ունեցել: Հաշվի առնելով, որ օրեր առաջ մարզիկի անվան շուրջ աղմուկ էր, քանի որ ՀՀ դահուկասպորտի ֆեդերացիայի պատճառով առանց դահուկի էր մնացել՝ համացանցում շատերին թվացել էր, թե երեկ էլ չի մասնակցել ինչ-որ լուրջ խնդրի պատճառով:

ՀՀ ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանն armtimes.com-ի հետ զրույցում պարզաբանեց, որ Կարապետյանը սպիտակ քարտով է մեկնել ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու, եւ նրա միավորները բավականացնում են միայն 1 մրցաձեւում հանդես գալու համար: Նույն իրավիճակն էր նաեւ Կատյա Գալստյանի մոտ, որն արդեն ավարտել է ելույթները: Նա էլ է սպիտակ քարտով գնացել ու նույնպես միայն 1 մեկնարկ ունենալու իրավունքն ուներ: Միքայել Միքայելյանը, որը եւս ավարտել է ելույթները, ուղեգիր էր ձեռք բերել, կարող էր 2 մրցաձեւում հանդես գալ:

Օլիմպիական խաղերը մեկնարկել են փետրվարի 9-ին: Կավարտվեն 25-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել