Նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: «Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմերը հիշեցրել է, որ դեռ 2013 թվականին Հայաստանը հրաժարվել էր, մի կողմ էր գցել Եվրամիութայն հետ ասոցացման համաձայնագիրը և նոր գործընկերություն էր ստեղծել, ապա հարցրել է, թե արդյոք ՀՀ Նախագահը զղջացե՞լ է, թե՞ Ռուսաստանի ճնշման հետևանքով է դա տեղի ուենցել։


«Գիտեք՝ շատ տարօրինակ է այդպիսի հարցադրումը, որովհետև մենք բազմիցս ասել ենք, որ մենք մշտապես բաց և անկեղծ ենք եղել մեր գործընկերների հետ` հատկապես ինտեգրացիոն գործընթացների հետ կապված հարցերում: Երբ մենք ԵՄ-ի հետ սկսեցինք մեր բանակցությունները` մեր ռուս գործընկերները, մեր դաշնակիցները դրա մասին տեղյակ էին, և մեր եվրոպացի գործընկերներն էին տեղյակ, որ մենք բանակցում ենք նաև Եվրասիական տնտեսական միությանը` այն ժամանակվա Մաքսային միությանն անդամակցելու համար:

Մենք դա հնարավոր էինք տեսնում: Եվ երբ «և՛,և՛»-ի սկզբունքը փոխարինվեց «կամ՛, կա՛մ»-ի սկզբունքով, մենք չէինք կարող ստորագրել այդպիսի համաձայնագիր: Այսինքն՝ ոչ թե մենք հրաժարվել ենք ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, այլ Եվրամիությունը չի ցանկացել ստորագրել մեզ հետ համաձայնագիր: 

Մենք նույնիսկ առաջարկել ենք համաձայնագրի մի մասը՝ քաղաքական մասը, ստորագրել, եթե դա հնարավոր է, բայց մեր եվրոպացի գործընկերներն ասել են՝ ոչ: Սակայն ընդամենը շաբաթներ հետո Ուկրաինայի հետ ստորագրվել է այնպիսի համաձանագիր, որ մենք էինք առաջարկել: Մենք շատ լավ հասկանում ենք Հայաստանի հնարավորությունները և Ուկրաինայի հնարավորությունները, Հայաստանի դերակատարությունը և Ուկրաինայի դերակատությունը, բայց, այնուհանդերձ, մեզ համար տարօրինակ էր: Այնպես որ` մենք չենք հրաժարվել այդպիսի համաձանագրի ստորագրելուց, և փառք Աստծո, որ դրանից ոչ այնքան շատ հետո Եվրամիությունը որոշում կայացրեց, և այդպիսի որոշումը հաստատվեց Ռիգայի գագաթնաժողովում. այդ որոշումն էր տարբերակված մոտեցումը: 

Եվ այդ տարբերակված մոտեցման ներքո մեզ հաջողվեց Եվրամիության հետ ստորագրել փաստաթուղթ: Ուզում եմ, որպեսզի այստեղ մեկ անգամ ևս ընդգծենք՝ մենք որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չենք վարել, մենք որևէ մեկի ճնշման տակ որոշում չենք կայացրել, և ինչպես ես ասացի` մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններից փորձել ժամանակավոր օգուտներ քաղել` բերում է մեծ ողբերգությունների: Մենք այդպիսի ողբերգության միջով անցել ենք և չէինք ուզենա, որ այդ ողբերգությունները կրկնվեին»,– ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել