Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: 

Սերժ Սարգսյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, այդ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու դրա առաջմղմանն իր ապակառուցողական քաղաքականությամբ խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների քայլերին:

Նախագահը խոսել է նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնված ու բանակցված հանձնառությունների մասին, ընդգծելով, որ դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առած Հելսինկյան գործընթացի նպատակը Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդումն էր` ապահովելով ժողովուրդների համերաշխությունը, արժանապատիվ և իրավահավասար համակեցությունը, որը, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, այսօր էլ շարունակում է արդիական մնալ։

Հանրապետության Նախագահը շեշտել է, որ Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են, և դրանցից որևէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին:
 
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը
Մյունխենի անվտանգության համաժողովում

Հարգելի՛ գործընկերներ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իշինգերին՝ համաժողովին մասնակցելու հրավերի համար: Ողջունում եմ այս քննարկման բոլոր մասնակիցներին: Նման միջոցառումները նպաստում են բաց ու անկաշկանդ մթնոլորտում տեսակետներ և մոտեցումներ փոխանակելուն:

Ինչպես ասում են՝ աշխարհագրությունը ճակատագիր է, բայց, կարծում եմ, որ այն նաև կենսագրություն է։ Դա մենք գիտենք սեփական փորձից: Մեր անցած ճանապարհի արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ աշխարհաքաղաքական մրցակցությունը որևէ լավ բան չի բերում։ Հետևաբար` նման մրցակցությունից չտուժելն արդեն նշանակում է շահել: Պատմության այս փորձն է ընկած մեր քաղաքականության հիմքում։



Միաժամանակ վստահ եմ, որ Հայաստանի և շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Երբ այդ կենտրոնները գտնվում են հակադրության մեջ, փոքր պետությունների շահերը, երբեմն, անտեսվում են: Ուստի, մեր խնդիրն է մշտապես մարտահրավերները վերածել հնարավորության՝ համագործակցության և շահերի համադրման միջոցով։

Նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առավ Հելսինկյան գործընթացը, որի նպատակն էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդումը: Կարծում եմ, որ այն ժողովուրդների համերաշխության, արժանապատիվ և իրավահավասար համակեցության խոստում էր, որն այսօր էլ շարունակում է արդիական մնալ։

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնած հանձնառությունները պետք է իսկապես ապրեն Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ: Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են: Դրանցից որևէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին:

Նույնը կարելի է ասել նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակներում բանակցված բոլոր հանձնառությունների մասին: ԵԱՀԿ տարածաշրջանում պետք է գերիշխի իրավահավասարությունը և համագործակցային մոտեցումը: Միայն այդ ճանապարհով է հնարավոր ամրապնդել համապարփակ ու անբաժանելի անվտանգության՝ Հելսինկիում հաստատված հայեցակարգը:



Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարևան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում: Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ՝ խաղաղ ճանապարհով: Այդ հարցում մեզ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նրանց առաջնորդությամբ խաղաղ գործընթացի հիմքում դրվել են միջազգային իրավունքի երեք սկզբունքներ` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ Եվրոպական միությունն իր հերթին բազմիցս վերահաստատել է, որ աջակցում է համանախագահների ջանքերին ու առաջարկություններին:



Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության։ Մեր ցանկությունն է, որ նման ընդհանրություններն առավել հաճախ դրսևորվեն:

Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ այսօր աշխարհի տարբեր անկյուններում գնալով խորանում են հակամարտությունները: Մեզ մտահոգում են Մերձավոր Արևելքում և այլուր տեղի ունեցող սրընթաց փոփոխությունները, որոնք, ցավոք, ուղեկցվում են չդադարող պատերազմներով: Մեզ մտահոգում են առանձին երկրներում պետությունների ձախողումը և փլուզումը: Դրանց դիմագրավելու համար պետք է մտածել համագործակցային, համապարփակ և անբաժանելի անվտանգության մասին: Դա է առկա ճգնաժամերը հաղթահարելու միակ հնարավոր և իրատեսական ուղին:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել