Life.tert.am-ը գրում է.

Մարտի 31–ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որը մրցանակներ կհանձնի դասական, ժողովրդական և փոփ ժանրում լավագույնս ներկայացողներին։ Մրցանակաբաշխությունը ներառում է 25 անվանակարգ։ Կլինեն նաև հատուկ մրցանակներ։ Այս մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

«Մրցանակաբաշխությունը պետք է ի մի բերի հայ դասական և  ժամանակակից արվեստի լավագույն նմուշները և ամփոփի, թե տարվա ընթացքում ովքեր ինչ հաջողություններ կարողացան արձանագրել։ Մենք համոզված ենք, որ նման մրցանակաբաշխությունը կարող է շատ լավ խթան հանդիսանալ կատարողական և  կոմպոզիտորական արվեստի համար»,– ասաց նա ու հավելեց, որ մրցանակակիրները կստանան Նուռի պատրաստած արձանիկները։ 

Մրցանակաբաշխության երաժշտական պրոդյուսերը Հայկոն է։ Վերջինս նշեց, որ  ընտրվել են բոլոր բնագավառների լավագույն ներկայացուցիչները. «Լինելով փոփ ժանրի և կինոարտադրության ոլորտի մարդ` շատ ուրախ եմ, որ մրցանակաբաշխությունում ավելի շատ տեղ է տրված դասական երաժշտությանը։ Ազգային, փոփ ժանրերից ընտրված են լավագույները, ովքեր արժանի են գնահատվելու»։

Պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն էլ նկատեց, որ այժմ բազմաթիվ մրցանակաբաշխություններ են իրականացնվում ՀՀ–ից դուրս և վստահություն հայտնեց, որ  իրենք կկարողանան ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը դարձնել Հայաստանում ամենասպասված  իրադարձությունը։

Այժմյան մրցանակաբաշխությունների տեղատարափի մեջ մեծ հարց է առաջանում` ովքեր և ինչ սկզբունքով են ընտրելու լավագույններին։ Նա հավաստիացրեց, որ լավագույնների ընտրությունը կատարվելու է արդար։ «Ժյուրիի կազմը փակ է, սակայն դրանում ընդգրկված են ոլորտի լավագույն մասնագետները։ 7 հոգանոց  կազմում ներկայացված են, օրինակ,  փոփ ժանրում` Արթուր Գրիգորյանը, դասականում` էդուարդ Թոփչյանը։ Բարձրակարգ մասնագետների 7 հոգանոց խումբը մեզ վստահություն է ներշնչում, որ մրցանակաբաշխությունը լինելու է թափանցիկ և գնահատվելու են միմիայն լավագույնները»,– նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել