ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել «Medialab.am» լրատվական կայքի գլխավոր խմբագրի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2018թ. հունվարի 28-ին «Hayk Berman Ohanyan» անունով հանդես եկած օգտատերը, համացանցի ֆեյսբուքյան կայքում տեսնելով «Medialab.am» լրատվական կայքից հղում կատարված «Բոշի ծաղիկները» ծաղրանկարը, «Medialab.am» լրատվական կայքի ֆեյսբուքյան էջում և կայքի գլխավոր խմբագրին անհատական նամակագրությամբ սպանության սպառնալիքներ է տվել՝ կապված հիշյալ ծաղրանկարի հետ:

Նախապատրաստված նյութերով՝ 2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը փետրվարի 9-ին վարույթ է ընդունել ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչը։

Նշվում է, որ կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, ամբողջական և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել