2018թ. փետրվարի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն են ուղարկվել Medialab.am լրատվական կայքի աշխատակցի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ տարբեր լրատվական կայքերում հրապարակված հոդվածները՝ ստուգողական գործողություններ կատարելու համար, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018թ. հունվարի 28-ին «Hayk Berman Ohanyan» անունով հանդես եկած օգտատերը, համացանցի ֆեյսբուքյան կայքում տեսնելով «Medialab.am» լրատվական կայքից հղում կատարված «Բոշի ծաղիկները» ծաղրանկարը,  Medialab.am լրատվական կայքի ֆեյսբուքյան էջում և նշված կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի անհատական նամակագրությամբ, վերջինիս հասցեին տվել է սպանության  սպառնալիքներ՝ կապված հիշյալ ծաղրանկարի հետ:

Նկատի ունենալով, որ նշված տվյալները ենթակա են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության, դեպքի առթիվ  2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ Քննչական կոմիտե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել