ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության փոխանցմամբ, Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի սրճարաններից մեկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն:

2017 թվականի հուլիսի 30-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում գործող սրճարանում կրակոցներ են հնչել:

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 45-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Վանաձոր քաղաքի «Սայաթ-Նովա»-ի անվան զբոսայգում գործող սրճարանում, ապա նաև սրճարանի տարածքից դուրս ակոսափող ինքնաձիգից շուրջ 40 կրակոց է արձակել, որը զուգորդվել է նշված սրճարանում գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով: Կրակոցների հետևանքով վնասվել են սրճարանի գույքը և խուճապ առաջացրել հաճախորդների և աշխատակիցների շրջանում: Բացի այդ, անկանոն կրակոցների հետևանքով վնասվել է նաև Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկի բնակարանի պատուհանի ապակին և հեռուստացույցը:  

Մինչդատական վարույթում  ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Հիշեցնենք, որ կրակոցները Վանաձորում հնչել էին ամռանը, քաղաքի «Վենեցիա»  սրճարանում, կրակոցների հեղինակը Սամբիստ Վահրամ անունով հայտնի Վահրամ Ալթունյանն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել