Armenpress.am-ը գրում է.

1960թ. կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն Իտալիայում արժանացել է Սանտա Չեչիլիա երաժշտական ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչմանը: Հատկանշական է, որ պրոֆեսորի կոչումը շնորհվում էր միայն ամենաանվանի երաժիշտներին, և Արամ Խաչատրյանի շնորհիվ հազվագյուտ ազգանունների շարքը համալրվել է նաև հայկականով:

Խաչատրյանի՝ 1963թ. Իտալիա կատարած այցի ժամանակ Սանտա Չեչիլիա երաժշտական ակադեմիայի ռեկտորը՝ պրոֆեսոր Բուստինին, կոմպոզիտորին առաջարկել է հանդիպել Հռոմի պապ Հովհաննես 23-րդի հետ: Խաչատրյանը համաձայնել է ու արդեն մի քանի օրից կնոջ հետ Վատիկան է ժամանել:

«Արամ Խաչատրյանի հուշերում Վատիկանը տպավորվել էր որպես թանգարանի նման ահռելի շենք: Այն ժամանակ ԽՍՀՄ-ը Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերություններ չուներ, ու հայ կոմպոզիտորը դարձել է Խորհրդային միության առաջին քաղաքացին, որը հանդիպել է Հռոմի պապին: Նրանց զրույցը տևել է կես ժամ, ու այդ ընթացքում Խաչատրյանը ևս խոսել է: Ավելի ուշ կոմպոզիտորը վերհիշել է, որ Պապն իրեն բազմաթիվ հետաքրքիր հարցեր է տվել արվեստի վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Ուշագրավ է, որ պատմական հանդիպման ընթացքում պոնտիֆիկոսն իր հիացմունքն է հայտնել Խաչատրյանի արվեստի նկատմամբ ու հավելել, որ թեպետ հայ ժողովուրդը սակավաթիվ է, սակայն աշխարհին բազմաթիվ հանճարներ է տվել:

Հանդիպման վերջում Հռոմի պապը Խաչատրյանին տվել է իր պատկերով հուշամեդալ, իսկ նրա կնոջը՝ խաչ: Դրանից մի քանի օր անց Խաչատրյանին Վատիկանից ուղարկել են հանդիպման ժամանակ արված լուսանկարները, որոնք այժմ պահվում են նրա տուն-թանգարանում:

Ի դեպ, երբ Խաչատրյանը վերադարձել է ԽՍՀՄ, շատերը չեն հավատացել, որ նա Հռոմի պապի հետ հանդիպելու պատվին է արժանացել ու մտածել են, թե դա սոսկ լեգենդ է: Սակայն համատեղ արված լուսանկարները ցրել են բոլոր կասկածները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել