Armtimes.com-ը գրում է.

Շարունակելով Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծով առաջարկվող փոփոխությունների շարքը, որի մի մասը ներկայացրել ենք երեկ, նշենք, որ այդ նախագծի համաձայն` այլեւս չեն սպասարկվի մայրաքաղաքի մոտակա գյուղերը:

Առայժմ գործող երթուղային ցանցով Երեւանի որոշ երթուղիներ հասնում են մինչեւ այդպիսի մի քանի բնակավայրեր, օրինակ՝ Ջրվեժ, Հաղթանակ, Նորագյուղ, Առինջ, Քասախ, Արգավանդ, Փարաքար, Զովունի: Մոտ ապագայում, սակայն, երբ նոր ցանցը գործարկվի, պատկան մարմիններն այդ գյուղերում ապրողներին պետք է Երեւան հասնելու եւ Երեւանից վերադառնալու այլ տարբերակներ առաջարկեն:

«Երթուղային ցանցը նախագծվել է Երեւան քաղաքի վարչական տարածքի համար: Դա ունի իր պատճառները, որոնցից մի քանիսը ուղղակի թվարկեմ. Երեւանից դուրս ուղեւորահոսքերի ծավալը, ինչպես տեղյակ եք, էապես տարբերվում է, եւ այդ առումով սակավ ուղեւորահոսք ունեցող ուղղություններով երթուղիների շահագործումը կարող է հանգեցնել էական ծախսերի ավելացման եւ սակագնի վրա ազդեցություն ունենալ: Երեւանի վարչական տարածքից դուրս որոշ տեղերում բացակայում է լիարժեք ճանապարհափողոցային ցանցը, որը կապահովեր նոր տրանսպորտային տեսակների շահագործման համար անհրաժեշտ պայմանները: Նաեւ Երեւանի վարչական տարածքից դուրս  երթուղիների պարագայում կառաջանան անարդյունավետ ծախսերի առաջացման ռիսկեր: Այս տրամաբանությունը հաշվի առնելիս՝ հիմք է ընդունվել միջազգային փորձը»,- Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հունվարի 18-ի նիստում ասել է աշխատանքային խմբի ղեկավար, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Նա նկատել է, որ դեռեւս գործող ցանցով, հասարակական տրանսպորտի աշխատաժամերը, որոշ վերապահումներով, ժամը 07:00-23:00-ն է: Նոր ցանցը նախատեսում է, որ հասարակական տրանսպորտի շահագործումը սկսվի առավոտյան 06:45-ից՝ շարունակվելով մինչեւ կեսգիշեր՝ 24:00-ն: Նոր ցանցով առաջարկվում է շուրջ 25 տոկոսով ավելացնել կանգառների թիվը՝ 834-ից դարձնելով 1181: Աշխատանքային խումբը, սակայն, դեռ պետք է քննի դրա նպատակահարմարությունը՝ տեղում ուսումնասիրություններ անելու ճանապարհով: Բրիտանական խորհրդատու կազմակերպությունն, ըստ Նիկոյանի, նաեւ առաջարկել է առկա կանգառներից շատերի տեղափոխություն ինչպես անվտանգության տեսանկյունից, այնպես էլ նորմատիվներին համապատասխանության:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել