Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել  հայտարարությամբ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝  Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Անդրյու Շոֆերը (Միացյալ Նահանգներ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ միասին հունվարի 17-ին հանդիպել են  Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և հունվարի 18-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Համանախագահները հունվարի 18-ին նաև միասին հանդիպել են երկու ԱԳ նախարարների հետ։

Նախարարները և համանախագահները քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն ուղղված նախորդ գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու հետագա քայլերը:

Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնություն են հայտնել համանախագահների վերամշակած փաստաթղթին, որը վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ցանկություն հայտնելով հնարավորինս շուտ այն  ավարտուն տեսքի բերել։

Հանդիպման ընթացքում կողմերը և համանախագահները  մտքեր են փոխանակել բանակցությունների սեղանին առկա աշխատանքային առաջարկներում տեղ գտած զգայուն  հարցերի շուրջ։ 

Համանախագահները նկատել են, որ շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է և կոչ են արել կողմերին պահպանել այդ դրական միտումը։

Համանախագահները նաև ցանկություն են հայտնել քննարկելու 2010թ.-ին իրականացված,  հակամարտությունից տուժած տարածքների գնահատման առաքելություն իրականացնելու հնարավորությունը։

Համանախագահները  փետրվարի սկզբին ծրագրում են այցելել տարածաշրջան»,-նշված է  հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել