Panorama.am-ը գրում է.

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի քայլը սադրիչ էր: Այդ քայլով Մերձավոր Արևելքում կրկին բորբոքվում է լարվածության այնպիսի օջախ, ինչպիսին իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն է: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ստացվում է, որ Մերձավոր Արևելքում մի հակամարտություն հաջողվում է զիջել, (խոսքը սիրիական հակամարտության մասին է), մինչդեռ փորձ է արվում բորբոքել ծխացող մեկ այլ հակամարտություն»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ Թրամփի վրա ազդում է բավական հզոր հրեական լոբբին:

Վարդան Ոսկանյանը հիշեցրեց, որ Երուսաղեմը երեք կրոնների մայրաքաղաք է, որին ամենամեծ հռչակը բերել է քրիստոնեությունը:

«Հետևաբար, խնդրի կարգավորման գործընթացում հաշվի չառնել քրիստոնյաների ճակատագիրը, կոպտագույն սխալ կլինի: Այդ քրիստոնյաների թվում են նաև հայերը՝ Երուսաղեմում իրենց հսկայական ներկայությամբ»,- ասաց նա:

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ իրանագետը շեշտեց՝ անցնող տարվա չափազանց կարևոր իրադարձություններից մեկն էլ ՀՀ պաշտպանության նախարարի՝ Իրան  կատարած այցն էր:

«Շատ կարևոր է, որ Հայաստանն ու Իրանը պաշտպանական ոլորտում ունենան զարգացող հարաբերություններ: Ոլորտն անշուշտ փակ է և տեղեկատվության հսկայական հոսք ակնկալելը դժվար կլինի, սակայն գործակցային որոշ հեռանկարներ, ձեռքբերումներ և պայմանավորվածություններ առկա են:

Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտության համատեքստում Իրանի դիրքորոշմանը, ապա պետք է հիշել՝ Իրանն իր սահմանի երկայնքով ունի բազմաթիվ հակամարտություններ՝ բազմաթիվ կողմերի ներգրավմամբ: Եթե ԼՂ հակամարտությունը Հայաստանի համար առաջնային կարևորության է, ապա Իրանի համար ամենևին էլ այդպես չէ:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել