Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, որը վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը։ 

Քննարկումների ընթացքում Չինաստանի շուկա մուտք գործելու առանձնահատկությունների և հնարավորությունների վերաբերյալ ելույթներով հանդես են եկել ԱԳ փոխնախարար Հարությունյանը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը:

Քննարկման ընթացքում շնորհանդեսով հանդես է եկել ՉԺՀ-ում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Կոպյանը, ով ներկայացրել ս.թ. նոյեմբեր ամսին «BRCIC - Չինաստանի Գոտի և Ճանապարհ Համագործակցության Նորարական Կենտրոն»-ում Հայաստանի Համագործակցության գրասենյակի հիմնադրման մանրամասները, գործառույթները և չինական շուկայում հայկական արտադրանքի ներկայացման և աջակցության հնարավորությունները:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մի շարք գերատեսչությունների, ոլորտային միությունների, գործարար շրջանակների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման միտումները և առկա խնդիրների ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Քննարկման վերջում բանախոսները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ-ից ՉԺՀ գինու, մեղրի արտահանմանը, ՉԺՀ-ից զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև 2018թ.-ին ՉԺՀ-ում կազմակերպվելիք տնտեսական բնույթի խոշոր միջոցառումներին հայկական կողմի պատշաճ մասնակցությանը:

«Չինաստանի Գոտի և Ճանապարհ Համագործակցության Նորարական Կենտրոն»-ը (BRCIC) հիմնադրվել է 2015թ. հունվարի 22-ին՝ ՉԺՀ ԱԳՆ, Առևտրի նախարարության և Չինաստանի Հանրային գիտությունների ակադեմիայի մասնակցությամբ։ Նախատեսվում է, որ այն կծառայի որպես վերլուծական կենտրոն (think tank)՝ հիմնականում կենտրոնանալով Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտուն առնչվող իրավական, քաղաքական, հանրային և մշակութային բնագավառներում համագործակցության և նորարարական հետազոտությունների հարցերի շուրջ։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել