Tert.am-ը գրում է.

Չնայած նրան, որ ներկայումս Հայաստանի համար իրանական գազը մոտ 30 դոլարով ավելի թանկ է, քան ռուսականը, այն իր որակով չի գերազանցում ՌԴ-ից գնվող գազին, ամեն դեպքում դրական է, որ Հայաստանի և Իրանի միջև ակտիվացել է երկխոսությունը ներկրվող գազի ծավալների ավելացման շուրջ: Tert.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ համակարգի փորձագետ Վահե Դավթյանը:

Նա հույս հայտնեց, որ կողմերի միջև տարված բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել իջեցնել Իրանից գնվող գազի գինը:

«Ակնհայտ է, որ բանակցային ողջ գործընթացը պետք է տարվեր Իրանից գնվող գազի գնի իջեցման շուրջ: Վերլուծելով շուկայական կոնյունկտուրան, կարող ենք ասել, որ Իրանը սահմանին մեզ ավելի բարձր սակագնով գազ է վաճառում, քան՝ Ռուսաստանը: Իրանական գազը 1000 խորանարդ մետրի դիմաց սահմանին արժե 180 ԱՄՆ դոլար, իսկ ռուսականը՝ նույնքանի համար 150 ԱՄՆ դոլար: Տնտեսական առումով իրանական գազի գինն այդքան էլ նպատակահարմար չէ մեզ համար, մեր գազատրանսպորտային համակարգի համար: Հույս ունեմ, որ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել քաղաքական որոշում՝ իրանական գազի սակագինը նվազեցնելու ուղղությամբ»,- ասաց փորձագետը:

Նա հիշեցրեց, որ Իրանի իշխանության ներկայացուցիչները մոտ 3 տարի առաջ  Հայաստան այցելության ժամանակ մի քանի անգամ հայտարարել էին, որ պատրաստ են զգալիորեն իջեցնել դեպի Հայաստան արտահանվող գազի գինը՝ այն հասցնելով շուրջ 100 ԱՄՆ դոլարի: Սակայն, ըստ նրա, այս հայտարարությունները զարգացում չունեցան:

Վահե Դավթյանն ասաց, որ չգիտի, թե ինչ գնի շուրջ են ի վերջո բանակցությունների արդյունքում պայմանավորվել կողմերը, բայց առանց գնի նվազեցման շուրջ երկխոսության, նրա համոզմամբ, բանակցությունները կողմերի համար հետաքրքիր չէին լինի: «Ենթադրում եմ, որ սակագնի որոշակի փոփոխություններ ամեն դեպքում տեղի են ունեցել: Իրանական գազի որակի հետ կապված տարբեր կարծիքներ կան. մասնագետները հիմնականում ասում են, որ իրանական գազի որակը ավելի ցածր է, քան՝ ռուսականը, որը կրկնակի մշակում է անցնում: Այն փաստորեն և՛ թանկ է, և՛ որակով զիջում է ռուսական գազին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ բանակցությունների ժամանակ հայկական կողմը կկարողանա հասնել գազի գնի նվազեցման»,- հավելեց փորձագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել