Tert.am-ը գրում է.

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը 4 գործոն է նշում, որոնք ազդելու են ամենօրյա ձեռքբերման ապրանքների թանկացման վրա: Թե ինչ աստիճանի թանկացումներ են սպասվում, Մակարյանը դժվարանում է հստակ թիվ նշել, ընդգծում է, որ դրա համար կառավարությունը պետք է հստակ հաշվարկներ ներկայացնի: Ինչ վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը, նա հայտնեց, որ միսը և ձուն էապես կթանկանան, իսկ հացը, հացահատիկեղենը և կաթնամթերքը ոչ այնքան շատ:

- Պարո՛ն Մակարյան, Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցությունից Միքայել Մելքումյանի հաշվարկներով՝ ամենօրյա ձեռքբերման ապրանքները 30-ից 35 տոկոս կթանկանան։ Նա առաջարկել է կառավարությանը և Կենտրոնական բանկին սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի մեջ մտնող ապրանքների գնաճային մակարդակ, որը հստակ ցույց կտար` 30-ից 35 տոկոս գնաճ լինելո՞ւ է, թե ոչ, ինչը, ըստ երևույթին, մերժվել է: Դուք ունե՞ք հաշվարկներ, թե քանի տոկոսով կթանկանան ամենօրյա ձեռքբերման ապրանքները:

-Դա մի քիչ բարդ հաշվարկ է, ես չէի ուզենա թվերով ֆիքսել, բայց տեսեք ինչ է տեղի ունենալու: ԵԱՏՄ համաձայնագրի լիարժեք գործածության ժամկետն է սկսում 2018 թ. հունվարի 1-ից, որի հետևանքով մոտ 900-ից ավել ապրանք թանկանալու է: Երկրորդը՝ եվրո-դոլար կուրսի թանկացման տենդենցը շարունակվելու է: Այն ապրանքները, որոնք ներկրվում են, դրանք շահութաբերության առումով դոլարի և եվրոյի թանկացումից ազդում են ՀՀ սպառողական շուկայում գների բարձրացման վրա: Վերջին կես տարվա ընթացքում, կարելի է ասել, մոտ 20 տոկոս թանկացում է եղել դոլարի, եվրոյի, և այդ 20 տոկոսը ավելացել է ներկրվող ապրանքների գների վրա: Երրորդը՝ մենք գիտենք, որ ակցիզային հարկի բարձրացումը, մասնավորապես, վառելիքի առումով, կարող է մուլտիպլիկատիվ ազդել արդեն տնտեսության բոլոր ոլորտների վրա: Բոլոր ոլորտներում տարբեր փոխադրումների սպասարկման, ապրանքները խանութներին մատակարարելու, երթուղային տաքսիների կամ այլ տաքսիների հետ կապված կարող է ընդհանուր գնաճ առաջացնել: Եվ չորրորդը սպեկուլյատիվ թանկացման տարբերակն է: Օրինակ` ես հաշվարկներ ունեմ, որ կարագի և որոշ մթերքների մասով վերջին թանկացումներն իզուր էին: Ճիշտ է, միջազգային գները, դոլարի և եվրոյի թանկացումը կապ ունեին, բայց սպեկուլյատիվ թանկացման բաղադրիչ նույնպես կար՝ 500-1000 դրամի չափով: Եվ մի շատ վատ տենդենց էլ կա Հայաստանում, դա այն է, որ մեզ մոտ, երբ մի բանը թանկանում է, շատ դանդաղ է հետո գնանկում լինում: Այն կարող է թանկացած էլ մնալ: Այս բոլոր գործոնները նախանշում են, որ մենք 2018 թ. էական թանկացման խնդիր կունենանք:

-Այսինքն` չեք կարող ասել քանի տոկոսով թանկացում կլինի, սակայն նշում եք, որ 4 գործոն առանձին-առանձին ազդելու է ապրանքների թանկացման վրա: Դրանք հիմնականում ո՞ր ապրանքներին են վերաբերում, առաջին օգտագործման ապրանքները շա՞տ են այս ցանկում:

-Մեկ այլ պրոբլեմ էլ կա, քանի որ 7 կազմակերպություն 20 հազար տեսակի ապրանք է ներմուծում, փաստորեն, այդ առումով շուկան մոնոպոլիզացված է: Ստացվում է, որ 20 հազար ապրանք ներկրող մարդիկ դոլարի և եվրոյի հետ կապված կարող են հեշտությամբ՝ իրավիճակից ելնելով, թանկացնել և մեծ եղանակ ստեղծել սպառողական շուկայում: Այդ 20 հազար տեսակի ապրանքատեսակները հիմնականում սննդամթերքի ոլորտից են։ Ընդհանրապես, Հայաստանի ներմուծման ծավալի կեսից ավելին վերաբերում է սննդամթերքին: Հիմա գանք առաջին օգտագործման ապրանքներին. միսն առաջին օգտագործման է, թանկացել է, որովհետև դեֆիցիտ կա, մեծ քանակով արտահանվում է: Ձուն թանկացել է, օրինակ, որովհետև թռչնաբուծական ֆաբրիկաները չեն հասցնում շուկային մատակարարեն այն քանակի, որքան պետք է: Այս օրերին նոր տարվան ընդառաջ շատ-շատ մարդիկ առնում են, գումարած դրան վերավաճառողներ կան, որոնք մեծածախ վերցնում են և տանում են այդ ձուն մի 10 դրամ թանկ վաճառում են: Քանի որ պահանջարկը կա և առաջարկը քիչ է, այդ թանկացման ռեժիմը մնում է: Ինչ վերաբերում է հացին, չեմ կարծում, որ այն կթանկանա, որովհետև հիմա ալյուրը բավականին էժան է գալիս Ռուսաստանից և այդ պատճառով հացի թանկացում չի լինի: Կաթնամթերքը, կարծում եմ, էլի ոչ այնքան կթանկանա և մնում է հացահատիկեղենը, որը ներսում է արտադրվում, նաև բերվում է ԵԱՏՄ-ից: Սրանք նույնպես էապես չեն թանկանա: Բայց, այնուամենայնիվ, այս ամենը լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Կարող է մի ընտանիք միսը օգտագործում է 10 օր մեկ, մյուսը ավելի շատ հաց և կաթնամթերք է գնում և այլն: Լրիվ վստահելով պարոն Մելքումյանի ասածներին` զուտ հաշվարկի առումով կարծում եմ, որ այն ավելի շատ ուսումնասիրության կարիք ունի: Եթե պետությունը ցանկանում է իսկապես լիարժեք գնահատել թանկացումները և դրա դեմը առնող քայլեր կատարել, ապա լավ կլինի, որ 4 ոլորտների մասնագետների խումբը ուսումնասիրի այս ամենը։ Խոսքը Տնտեսական զարգացման և ներդրումների, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների և ՏՄՊՊՀ-ի մասին է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել