«Ռուսաստանի նախագահ Պուտինը նախօրեին անսպա­սելի այցով ժամանելով Սիրիա և մեկնելով այնտեղ ռուսական ռազմակայան՝ հայտարարել է, որ Ռուսաստանը սկսում է զորքը Սիրիայից դուրս բերել: Այս մտադրությունը Պուտինն ավե­լի վաղ հայտնել էր մի քանի շա­բաթ առաջ՝ Սոչիում ընդունելով Սիրիայի նախագահ Ասադին: Ռուսաստանը հայտարարում է, որ փրկել է Սիրիան և ջախջախել «Իսլամական պետությա­նը»: Իհարկե, ինչքանով են այս հայտարարությունները համապատասխանում իրականութանն ամբողջապես, դժվար է ասել, բայց անկասկած է, որ Ռուսաստանը փրկեց Ասադի իշխանությունը:
 
Ընդ որում՝ միևնույն ժամա­նակ հնարավոր է արձանագրել, որ Արևմուտքն էլ իր հերթին, այսպես ասած, ընդունեց այդ իրողությունը: Սիրիայի հարցով շաբաթներ առաջ Թրամփ-Պու­տին հայտարարությունը, ըստ էության, դրա վկայությունն է: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համա­ձայնության են գալիս Սիրիան, այսպես ասած, «կոնսերվացնե­լու» հարցում, քանի որ ակն­հայտ է, որ այնտեղ, անշուշտ, իրավիճակը դեռ երկար կշա­րունակի ծխալ, ինչպես նաև դեռ կպահանջվի քաղաքական ձևաչափի մշակում, ինչը, ան­կասկած, զերծ չի լինի ազդեցու­թյան միջամտություններից, որոնք կարող են բորբոքել և ծուխը վերածել կրակի:
 
Բանն այն է, որ ամերիկա-ռուսական հնարավոր համաձայ­նությունից, անկասկած, դժգոհ են թե՛ Թուրքիան, թե՛ Իրանը: Ավելին՝ այդ երկու երկրները գուցե իրենց համարում են, այսպես ասած, «գցված», հաշ­վի առնելով այն, որ Ռուսաս­տանի հետ սկսել էին սիրիա­կան հարցում գործակցության եռակողմ ձևաչափ՝ Աստանայի գործընթացը, որը, սակայն, Մոսկվայի համար կարծես թե կորցնում է հրատապությունը՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր պայմա­նավորվածության ֆոնին: Ըստ որում՝ հետաքրքրական է, որ Պուտինն այս ընթացքում, Թրամփի հետ հայտարարությունից հետո երկու անգամ հանդիպել է Էրդողանի հետ Սոչիում, մեկ անգամ եռակողմ՝ նաև Իրանի նախագահի հետ ֆորմատով, նաև տեղի է ու­նենալու երրորդ հանդիպումն Անկարայում:
 
Դժվար է ասել՝ Պուտինը ստա­ցել է դիրքային առավելություն և որոշակիորեն փորձում է ճնշե՞լ Էրդողանին ու ինչ-որ բան կորզել, թե՞ փորձում է Թրամփի հետ համաձայնու­թյունից հետո Էրդողանին հա­մոզել, որ չնեղանա: Եթե առա­ջին դեպքն է, ապա այս պարա­գայում, իհարկե, իրավիճակը Հայաստանի համար նպաս­տավոր է, իսկ հակառակ դեպ­քում, իհարկե, կա վտանգ, որ համոզելու ռեսուրս կդիտվեն հայկական շահերը: Դատելով Սոչիում Պուտինի հետ հանդի­պումից օրեր անց Էրդողանի հայտարարությունից, որ Պուտինը հույս չի տվել Արցախի խնդրում տարածքների վերա­դարձի կապակցությամբ, գործ ունենք առաջին տարբերակի հետ՝ Պուտինը փորձում է օգ­տագործել ԱՄՆ-ի հետ որոշակի համաձայնությունը Թուրքիա­յին, այսպես ասած, ճնշելու հա­մար: Այստեղ, սակայն, շատ կարևոր է, որ իրավիճակի, մթնոլորտի ընդհանուր նպաս­տավորությամբ հանդերձ, Հայաստանը չդառնա գործիք՝ Թուրքիային ճնշելու հարցում: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում թե՛ մանրադրամ, թե՛ գործիք լինելը ռուս-թուրքական հարա­բերություններում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել