168.am-ը գրում է

Հովհաննես Այվազովսկու (1817-1900 թ.) «Փոթորիկ» կտավը 15 մլն կրոնով (շուրջ 705 հազար դոլար) վաճառվել է Պրահայում անցկացված աճուրդում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի մայրաքաղաքի առավել հեղինակավոր պատկերասրահներից մեկի՝ «Գեյթմանեկի արվեստների տան» տնօրենության ներկայացուցիչ Յանա Բրինդովան:

«Հովհաննես Այվազովսկու՝ 1889 թվականով թվագրված նկարը դարձել է մեր պատկերասրահի կազմակերպած աճուրդի գլխավոր զարդը, -ընդգծել է փորձագետը:-Այն աճուրդի էր դրվել Պրահայի մասնավոր գեղարվեստական հավաքածուներից մեկից: Դրա մեկնարկային արժեքը 11 մլն կրոն (շուրջ 517 հազար դոլար) էր: Աճուրդն անցկացնողի մուրճի հարվածը վաճառքը գրանցել է 15 մլն կրոնի դիմաց»:

Հանրագումարային գինը, աճուրդի կազմակերպչի տոկոսների հետ միասին, կազմել է 18,6 մլն կրոն (մոտավորապես 874 հազար դոլար): Յանա Բրինդովայի խոսքով՝ գնորդը դարձել է ռուսաստանցի մի հավաքորդ:

Պրահան այն քաղաքներից մեկն է, ուր Հովհաննես Այվազովսկին առավել հաճախ էր այցելում Եվրոպա ուղեւորությունների ժամանակ: Այստեղ կայացել են նրա անհատական ցուցահանդեսներից առնվազն երեքը: Դրանցում ներկայացված կտավները նկարիչն իր տաղանդի երկրպագուներին վաճառել է Ավստրո-Հունգարիայում, որը բաղկացուցիչ մասը Չեխիան էր:

Դրանցից մի քանիսը ներկայում գտնվում են հանրապետության Ազգային պատկերասրահի եւ Ազգային թանգարանի հավաքածուներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել