Tert.am-ը գրում է.

Հայաստանի շուկայում հայտնվել է անհայտ բաղադրությամբ բրինձ, որը դժվար է եփվում, գարշահոտ է ու տարօրինակ համ ունի։ Այս մասին ահազանգում է  լրագրող Նարինե Կիրակոսյանը, ով մի քանի օր առաջ Երևանի խանութներից մեկից գնել է բրինձը:

«Բրինձը չէր եփում, հետո հոտ էր գալիս մի տեսակ: Ու եթե յուրաքանչյուր նորմալ մթերք պետք է բորբոսնի, դա մեկ շաբաթում չէր էլ բորբոսնել, ահավոր հոտ էր ընկել: Որպես լրագրող որոշել եմ պարզել իմ կասկածները ճիշտ են, թե ոչ,  դիմում եմ թողել և հանձնել եմ ՍԱՊԾ ոչ միայն բրինձը, նաև պամելո միրգը,  որը տարօրինակ գծեր ուներ, ոնց որ մեջը սրսկած լինեին, շիրայի նման կպնում էր մատներիդ»,-ասաց Նարինե Կիրակոսյանը:

Սննդի անվտանգության պետական ծառայությունից բրինձը հանձնել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները պարզ կլինեն օրեր անց։

Նմանատիպ «կասկածելի» բրինձ  քաղաքացիներից շատերը այս օրերին ներկայացրել են ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն, Tert.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը: Թեև, կենտրոնը զբաղվում է միայն քիմիական ռիսկերի գնահատմամբ, բայց քաղաքացիներից ստացված բազմաթիվ ահազանգերից ելնելով կենտրոնում մի քանի փորձարկումներ են արվել ներկայացված բրնձի նմուշներից:

«Քաղաքացիները դիմեցին մեզ, որ կասկածում են, որ պլաստիկե բրինձ է վաճառվում, որովհետև գիտեք նաև կան հոլովակներ և մարդիկ հավատում են այդ հոլովակներին,  տան պայմաններում փորձեր են անում: Այդ փորձերից մեկը, որ եթե բրինձը լողում է ջրի երեսին, ուրեմն դա պլաստիկե բրինձ է: Այդ թեստի վրա հիմնվելով, ասել, թե այս նմուշը միանշանակ պարունակում է պլաստիկ, օբկյեկտիվ չէ»,-ասաց Դավիթ Պիպոյանը:

Երկրորդ փորձարկումն արվել է  միկրոալիքային վառարանում: Եվ կարծիքը, թե  եթե եփում ես և ջուրը չի կլանում դա ևս նշանակում է, որ գործ ունես պլաստիկե բրնձի հետ, Պիպոյանը ևս օբյեկտիվ չի համարում, քանի որ տարբեր բրինձներ ունեն ջրի կլանման տարբեր աստիճաններ:  

«Մենք փորձեցինք պահել նորմայից ավել և ստացվել է այնպիսի գունավորում, որը  հիշեցնում է թաղանթ: Դա փորձեցինք լուծել լուծիչում և այն չլուծվեց: Եթե լիներ պլաստիկ պետք է լուծիչում լուծվեր»,-ասաց Պիպոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել