Tert.am-ը գրում է.

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում այսօր բուռն քննարկվեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը, որը Ազգային ժողովի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հայտնեց, որ նոր առաջարկներ` պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը փոխելու վերաբերյալ, չեն եղել:

Պատգամավորները, սակայն, հայտնեցին իրենց մտահոգությունները:

«Հարց է առաջանում, թե ինչպես է այս օրենքը կիրառվելու, ինչ հետևանքների է հանգեցնելու: Կա նման մտահոգություն, որոշ դեպքերում արդարացված մտահոգություն, նկատի ունենալով մեկ կարևոր հանգամանք՝ մեր երկրի պատմության ընթացքում Սահմանադրականի դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված օրենքների 99 տոկոսը հակասահմանադրական է ճանաչվել ոչ թե նրա համար որ օրենքը վատն է, այլ նրա համար, որ այն սխալ է կիրառվել: Այսինքն՝ հակասահմանադրական է ճանաչվել ոչ թե օրենքն ինքնին, այլ օրենքը, դրա իրավակիրառ պրակտիկայում տրված նշանակությունը: Օրենքը, ինչքան էլ որ էմոցիոնալ հարթության մեջ տարբեր մեկնաբանությունների տեղիք տա, լավ օրենք է, որովհետև միտված է կանխարգելմանը, նախականխմանը»,- ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Դիմելով արդարադատության փոխնախարարին՝ Գևորգ Կոստանյանը հույս հայտնեց, որ կառավարությունը լուրջ կվերաբերվի դրա գործարկման խնդիրներին:

«Թեև մենք համաձայնություն տալիս ենք այս օրենքին, մենք համաձայնություն տալիս ենք այս գաղափարախոսությանը, որ այն ներդրվի մեր իրավական համակարգի մեջ, մենք հետևողական ու պահանջատեր ենք լինելու այս օրենքի գործարկմանը, մեկնաբանությանը: Շատ հասկացություններ մենք կիրառում ենք քրեական օրենսգրքում նախատեսված եղանակով, խոսքը «բռնություն», «ազատությունից զրկել» հասկացությունների մասին է, որոնք ունենք կոնկրետ նշանակություն քրեական իրավակիրառ պրակտիկայում:

Մենք պետք է վստահ լինենք, որ ընտանեկան բռնության կանխարգելման դեպքերում մենք պետք է կարողանանք այս հասկացությունների ճշգրիտ կիրառումն ապահովել: Այս օրենքի սխալ կիրառման արդյունքում մենք լրջագույն խնդիրներ կարող ենք ունենալ որովհետև ընտանիքը մեր հասարակության մեջ բացարձակ, անվերապահ արժեք է, և ցանկացած ոտնձգություն այդ արժեքին ցավոտ է լինելու մեզնից յուրաքանչյուրի համար»,- նկատեց Գ. Կոստանյանը:

Պատգամավորի խոսքով՝ օրենքի կիրառումը պետք է կանխատեսելի լինի ցանկացած քաղաքացու համար, այնինչ հասարակությունը մտահոգված է այս օրենքով, որովհետև չունի կանխատեսելիության զգացում: Կոստանյանի խոսքով՝ սա լավ օրենք է, բայց իմպլեմենտացիայի խնդիր կարող է առաջանալ:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել