168.am -ը գրում է.

Այս կամ այն սննդակարգի արդյունավետությունը կախված է կոնկրետ մարդու գենետիկայից, այս եզրակացությանն են հանգել Texas A&M համալսարանի հետազոտողները, նրանց աշխատությունը հրապարակված է Genetics հանդեսում։

Հետազոտություն կատարելուն գիտնականներին դրդել են այն տվյալները, որոնք վկայում են, որ, չնայած զանազան սննդակարգերի լայն տարածմանը եւ առողջ ապրելակերպ պահպանելու պետական ծրագրերին, աճում է ճարպակալված ամերիկացիների թիվը:

Գիտնականներն օգտագործել են արհեստականորեն բուծված շարքի լաբորատոր մկներ՝ չորս տարբեր ծագումնաբանական տիպերով: Կրծողներն ստացել են մարդկային սննդի չորս առավել տարածված տեսակներ. «արեւմտյան» (հարուստ ճարպերով եւ մաքրված ածխաջրերով), կետոգենային (ճարպերի, սպիտակուցների բարձր եւ ածխաջրերի ցածր պարունակությամբ), միջերկրածովյան (հացաբուսեր եւ կարմիր գինու լուծամզուք), ճապոնական (բրինձ եւ կանաչ թեյի լուծամզուք):

Վեց ամսվա դիտարկումներից հետո գիտնականներն արձանագրել են սննդակարգերի տարբեր ազդեցություն տարբեր գենետիկական խմբերի վրա: Այսպես, երեք խմբերի մկները, որոնք գործածել են միջերկրածովյան սննդակարգ, եղել են առողջ, իսկ չորրորդ խմբի մոտ այն առաջացրել է ճարպակալում եւ նյութափոխանակության խանգարում: Խմբերից մեկի կրծողները եղել են առողջ՝ գործածելով սննդի բոլոր տեսակները, բացի ճապոնականից, վեջինիս պատճառով մկների մոտ սկսել է չգործել լյարդը:

Մկների բոլոր խմբերի վրա ամենից վատ ազդել է սննդի ամերիկյան տիպը: Կենդանիների երկու խմբերում սկսվել է ճարպակալում: Մյուս խմբերի մկների մոտ ճարպի քանակության ավելացում են արձանագրել լյարդում:

Հետազոտության հեղինակները համոզված են. ստացված տվյալները վկայում են, որ բոլորի համար համապիտանի սննդակարգ գոյություն չունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել