Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Անհայտ անձը Կապան քաղաքի Չարենցի փողոցից առևանգել է Արթուր Հովհաննիսյանին պատկանող Mercedes մակնիշի 34 ТV 128 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առևանգելուց հետո Շահումյան փողոցում նա բախվել է Կապանի բնակիչ՝ 23-ամյա Մխիթար Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 57 MZ 777 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով առևանգողը, նրա ուղևորը և մյուս Mercedes-ի վարորդ Մ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-դ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Հայկ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6րդ վաշտի հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված ավտոմեքենան պատկանում է Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցներից մեկին։ Ոստիկանությունը պարզում է առևանգողի և նրա ուղևորի ինքնությունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել