Սպիտակ տունը մշակել է 2 փորձարարական ռազմավարական ծրագիր, որոնք կարող են կյանքի կոչվել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարվածի իրականացման դեպքում: 

Ինչպես հայտնում է The New York Times-ը, առաջին ծրագիրը ենթադրում է կիբերհարձակման իրականացում  Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների արձակման համակարգերի և սաբոտաժի այլ միջոցների նկատմամբ:

Մինչդեռ 2-րդ ծրագիրը ենթադրում է հարված հասցնել հրթիռներին, երբ դրանք անցնելիս կլինեն «արագացման փուլով»:

Աղբյուրը նկատում է, որ անմիջապես արձակումից հետո բալիստիկ հրթիռներն առավել տեսանելի կլինեն ու հեշտ թիրախ կդառնան:

Դրանք խոցելու համար Սպիտակ տունն առաջարկում է օգտագործել կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սակայն եթե կործանիչներն ու անօդաչուները չկարողանան իրականացնել առաջադրանքը, «վերջին հույսը» կլինի որսիչ-հրթիռը:

Հայտնի է, որ փորձարարական ռազմավարական ծրագրերի իրակացման համար Սպիտակ տունը Կոնգրեսից 4 մլրդ դոլար է խնդրել:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բոլոր «պատասխանատու երկրները» պետք է միավորեն ջանքերը՝ Հյուսիսային Կորեային մեկուսացնելու համար։ Նա, մասնավորապես, կոչ է արել Ռուսաստանին և Չինաստանին կրճատել այդ երկրի հետ դիվանագիտական և տնտեսական կապերը:

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, այդ  թվում՝ Ռուսաստանին և Չինաստանին, իրականացնել ՄԱԿ-ի բանաձևերը, նվազեցնել ԿԺԴՀ-ի վարչակազմի հետ դիվանագիտական հարաբերությունները և փոխհարաբերություններն առևտրի ու տեխնոլոգիաների փոխանակման ոլորտում»,- ասել է Թրամփը՝ հանդես գալով Հարավային Կորեայի խորհրդարանում:

Ընդորում՝ Թրամփը նախազգուշացրել է ԿԺԴՀ-ին չթերագնահատել ԱՄՆ-ին և կոչ է արել բոլոր երկրներին ապահովել Փհենյանի միջազգային մեկուսացումը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «թույլ չի տա, որ երկրի քաղաքացիներին սպառնան»: 

«Մեզ չես վախեցնի»,- հավելել է Թրամփը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել