Yerkir.am-ը գրում է.

ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանի և Հրայր Թովմասյանի ներկայացրած՝ բժիշկների դեմ բռնություն գործադրողների պատիժը խստացնելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, նա նշեց, որ սա ակնհայտորեն առաջադիմական փոփոխություն է և «Ելք» խմբակցությունը կողմ է քվերակելու սրան:

«Բայց մեկ վերապահում ունեմ. ինձ համար առնվազն տարօրինակ էր, երբ որ այլընտրանքային կարծիք էր հնչում ՀՀԿ խմբակցությունից, մի անգամից սաստեցիք, թե ներկուսակցական հարթակ կա»,- ասաց նա: Պատգամավորի այս դիտարկմանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Դուք մեր ներկուսակցական հարցերով մի զբաղվեք, հանգիստ եղեք»: ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ ուրախ է՝ «Ելք»-ը կողմ է քվեարկելու:

«Ինչ վերաբերում է իմ նկատառմանը ապա, այն հետևյալն էր` ես իմ գործընկերոջ մասնագիտական դիտարկմանը չեմ անդրադառնա ԱԺ ամբիոնից` հաշվի առնելով, որ մենք կարող ենք հանձնաժողովում մասնագիտական քննարկում ծավալել: Սաստելու ոչինչ չկա, խնդրում եմ մի խեղաթյուրեք»,- հայտարարեց նա:

Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն էր ասել, թե այս նախագծի ընդունումը ժամանակավրեպ է: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ևս վարման կարգով ելույթ ունեցավ:

«Ես կոչ եմ անում նախագծի վերաբերյալ քվեարկությունը չքաղաքականացնել, այլ քվեարկել սեփական համոզմունքներին և խղճին համապատասխան»,- ասաց նա: Նշենք, որ նախագծին մասնավորապես դեմ էր «Ծառուկյան» խմբակցությունը, սակայն դեմ քվեարկեց ընդամնեը երկու պատգամավոր, մյուսները՝ ձեռնպահ: Նախագիծն ընդունվեց 56 կողմ, 2 դեմ և 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել