Էկրանային եւ բեմական նախագծերում ունեցած նոր դերերի, գործունեության հուսադրող եւ հիասթափեցնող կողմերի մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Ալա- Բալա Նիցա», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Տնփեսա» և այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան, Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստ Վահագն Գալստյանի հետ:

-Վահա՛գն, վերջերս համացանցի Ձեր էջում տեղադրել էիք  Ձեր երեխաների  հետ լուսանկար եւ թողել մակագրություն, որտեղ մոտավորապես նշել էիք, որ ինչ էլ լինի, եթե նույնիսկ փորձեն երեխաներին Ձեզնից խլել, նրանց կողքին եք: Հիմա կարող են խոսակցություններ պտտվել այն մասին, որ ամուսնալուծվել եք…

-Ես երբեք իմ անձնականից ոչինչ չեմ հրապարակում. կլինի դա ուրախություն, տխրություն, ձեռքբերում թե կորուստ: Այս հարցին մոտենում եմ խիստ եւ սկզբունքորեն: Չեմ սիրում, երբ մարդիկ իրենց կյանքը` թողած ապրում են ուրիշի կյանքով:

-Բայց բավական համարձակ գրառում էիք կատարել: Ի վերջո, ո՞վ է ուզում երեխաներին խլել Ձեզնից:

-Նրանց ինձնից խլող չկա, ոչ մեկ նման բան չի ուզում: Չի կարող նման մեկը հայտնվել: Եթե հանկարծ նման բան լիներ, շատ ավելի մեծ աղմուկ կբարձրանար: Մռնչյունս կլսվեր քաղաքում: Անավարտ սիրով եմ սիրում զավակներիս: Սրա մասին էի գրել:

-Որքանով տեղյակ եմ` Դրամատիկական թատրոնում նոր ներկայացում եք պատրաստում, բեմադրիչն էլ Ժան Նշանյանն է: Կպատմե՞ք Ձեր դերակատարության մասին։

-Այո, դա ֆանտաստիկ, խորը հոգեբանական գործ է, բայց փակագծեր դեռ չեմ բացի: Ես մարմնավորում եմ հոգեբույժի, խաղում եմ Լուիզա Ղամբարյանի եւ Արթուր Ութմազյանի հետ: Ամեն փորձի ժամանակ կարելի է անել մի նոր բացահայտում: Իհարկե, ներկայացման վրա աշխատելը ոչ միայն հաճելի է, այլեւ բավական բարդ. այն ստիպում է չարչարվել: Ներկայացման հերոսն իր էությամբ սպիտակ ագռավ է, մեկը, ով իր կարծիքն ազատ արտահայտում է, իսկ մարդիկ «խրտնում են» դրանից: Կարծում եմ` արդեն գարնանը կունենանք պրեմիերա: Իսկ ավելի վաղ` նոյեմբերին, Դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման պրեմիերան (բեմադրիչ` Գրիգոր Խաչատրյան): Ներկայացման շուրջ հավաքված է թատրոնի երիտասարդական կազմը: Դերասաններիս կենցաղը հաճախ ստիպում է ավելի շատ հանդես գալ էկրանին, քան բեմում: Հիմա արդեն ես ավելի շատ ժամանակ եմ հատկացնում թատրոնին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել