168.am-ը գրում է.

Հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկար քննարկված հանդիպումը երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Ղարաբաղյան բանակցություններին հետևող ԶԼՄ-ների տեսանկյունից՝ կայացած հանդիպումն առանձնահատուկ էր տեղեկատվական սղության պատճառով. ոչ հանդիպումից առաջ և ոչ էլ դրանից հետո բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը, հանդիպման օրակարգը չհայտնվեց շրջանառության մեջ, ինչպես միշտ է պատահում: Միակ ուշագրավ իրադարձությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների «մեղմ փոխհրաձգությունն» էր հանդիպման օրակարգի վերաբերյալ: Ուստի լրատվամիջոցներին այլ բան չի մնում, քան քննարկել պաշտոնական տեղեկատվությունը:

Դատելով տարածված հաղորդագրություններից և մեկնաբանություններից, նախագահները Ժնևում պարզապես հանգել են այն մտքին, որ լարվածությունը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պետք է մեղմել: Նախագահները կամ համանախագահները նույնիսկ չեն խոսում նախագահական հաջորդ հանդիպման պատրաստակամության մասին, ավելին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պնդում է, որ հակամարտությունը հեշտ լուծում չունի: Սակայն միջնորդները փաստում են, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները, ըստ նրանց՝ համաձայնել են միջոցներ ձեռնարկել՝ բանակցային գործընթացն առաջ մղելու, և հավելյալ քայլեր կատարել՝ շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- հանդիպումից հետո ասել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

«168 Ժամի» հետ զրույցում անվտանգության և քաղաքական հարցերով վերլուծաբան, ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը գնահատեց հանդիպման արդյունքները:

– Պարոն Տրոֆիմչուկ, ինչպե՞ս եք գնահատում Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումը: Ինչպիսի՞ արդյունքներ կարող ենք ակնկալել այս հանդիպումից հետո:

– Ժնևում կայացած բանակցությունները շարունակեցին կամ, ավելի ճիշտ, երկարաձգեցին 2016թ. ապրիլյան պատերազմից հետո նախաձեռնված բանակցային փուլը: Այս հանդիպումների նպատակը մեկն է` իրավիճակի պահպանում շփման գծում ընդունելի վիճակում, որպեսզի այն կրկին չվերաճի բաց պատերազմի: Եվ քանի դեռ բանակցություններն ընթացքի մեջ են, դրանից հաջողվում է խուսափել: Թեև զոհեր այնտեղ գրանցվում են վախեցնող հաճախականությամբ: Այլ խոսքերով՝ բանակցություններն ինքնին կարելի է ֆորմալ որակել, և, մեծ հաշվով, դրանք այլևս ոչինչ չեն որոշում:

Ուստի, իմ կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման շատ ավելի տեսանելի դետալ դարձավ «հանդիպումն աշնանային ծառի տակ»: Հենց այդպես ես կանվանեի այն գեղարվեստական լուսանկարը, որն այս հանդիպումն առանձնացրեց մյուս գագաթաժողովներից: Մեկ այլ դետալ` գագաթաժողովին ԱՄՆ-ի կողմից այնպիսի մակարդակի համանախագահի մասնակցություն, ինչպիսին Էնդրյու Շոֆերն է: Այն, ինչ Ադրբեջանն է այս բանակցություններից ակնկալում, նման արդյունքներ չեն լինելու: Հողեր ոչ մեկը ոչ մեկի չի փոխանցելու:

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ բանակցությունների օրակարգից դուրս մղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ձեր կարծիքով՝ եթե այդ պայմանավորվածությունները չեն քննարկվել, ի՞նչ հարցեր են եղել նախագահների օրակարգում:

– Նախագահներն ընդհանուր հարցեր են քննարկել, որոնք միշտ են քննարկում Ղարաբաղյան կարգավորման շրջանակում: Սենսացիաներ տեղի չունեցան, ծրագրում` ևս, համատեղ քննարկման կետեր ևս չկային: Սենսացիա կարող էր լինել այդ հանդիպումից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարվելը: Բայց հանդիպման կազմակերպման ընթացքում ԶԼՄ-ներում որոշակի լարվածությունից հետո սենսացիաներ տեղի չունեցան: Ներկայումս արդեն սենսացիա կարող է լինել հետագա, իր կարծիքով՝ անմիտ բանակցություններից Ադրբեջանի նախագահի հրաժարումը:

Անցյալ տարի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների արդյունքները դուրս են մնում տեսադաշտից մեկ պարզ պատճառով` այդ որոշումներից ոչինչ չի իրականացվել: Ավելին՝ վերահսկողները և դիտորդները ջանում են չնկատել Ղարաբաղում ստատուս-քվոյի փաստացի փոփոխությունը, քանի որ տարածքի մի շերտ 2016թ. ապրիլից հետո ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է անցել: Թեև ինքը` Հայաստանի նախագահը, ևս կարող էր պահանջել դիտորդներից նրանց հստակ կարծիքն այս հարցի վերաբերյալ:

– Որքա՞ն Մինսկի խմբին կհաջողվի ապրիլյան պատերազմին հաջորդած փուլը պահել ներկայիս իրավիճակում, երբ բանակցային սեղանին հստակ օրակարգ չկա:

– Մինսկի խումբն այլևս չի պահպանում, զսպում կամ կառավարում ինչ-որ բան: Այդ կոլեկտիվը նույնիսկ չարձագանքեց ապրիլյան պատերազմի արդյունքներին, թեև պարտավոր էր դա անել: Ղարաբաղում պատերազմը զսպում է միայն երկու գործոն: Առաջինը` այս հարցի վերաբերյալ Սպիտակ տան դեռևս չձևավորված դիրքորոշումը, երկրորդ` Ադրբեջանի բնական զգուշավորությունը, Ադրբեջանը դեռ վերջնականապես չի հաշվարկել նոր բախման բոլոր հնարավոր ռիսկերը: 2016թ. ապրիլից հետո բոլոր ռիսկերն էլ ավելի բարդացան, քանի որ աշխարհում տիրող իրավիճակն էլ ավելի ծանր դարձավ, իսկ ԱՄՆ-ում նոր իշխանություն հայտնվեց:

Ուստի, այսպես կոչված, բանակցային սեղանին կա միայն հին փաստաթղթերի հավաքածու, որը քննարկվել է արդեն 100 անգամ: Դուք ճիշտ նկատեցիք, նոր բան այնտեղ այլևս չկա: Հնարավոր նորը կարող է կապ ունենալ հին պայմանավորվածությունների իրականացման և այս գործընթացում ԱՄՆ դերակատարության ամրապնդման հետ:

– Պարոն Տրոֆիմչուկ, միջնորդները բավականին պասիվ են. ինչո՞վ են հետաքրքրված այս հարցում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ներկայումս:

– Այս երկու երկրները մի քանի տարբեր շահեր ունեն: Ռուսաստանը հետաքրքրված է ստատուս-քվոյի պահպանմամբ Ղարաբաղում և շփման գծում՝ նույնիսկ այնպիսի իրավիճակում, երբ այդ գիծը տեղաշարժվել է Հայաստանի ուղղությամբ: Իսկ ԱՄՆ նոր համանախագահը դեռևս փորձում է ոտքերի տակ հողը զգալ: Նա, ի տարբերություն ԱՄՆ նոր այլ բանագնացների, ինչպիսին Ուոլքերն ու Հանթսմանն են, կտրուկ հայտարարություններ չի արել: ԱՄՆ-ը փորձում է հասկանալ` ինչպես Ղարաբաղյան հակամարտությունն օգտագործել՝ հօգուտ սեփական շահերի: Երևում է, որ այս խնդիրն ԱՄՆ-ին ավելի բարդ է թվում, քան նույն Դոնբասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել