Armtimes.com-ը գրում է.

«Կոնվերս բանկ»-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակության գործով աղմուկը չի դադարում: Հոկտեմբերի 9-ին մասնաճյուղից թալանվեց տարբեր արժույթներով մոտ 95 միլիոն 750 հազար դրամ: Թեեւ ՀՀ ոստիկանությունը սույն գործը համարում է բացահայտված, բայց ո՛չ թալանողը կա, ո՛չ էլ  հափշտակված գողոնը:

Անկախ Հայաստանի պատմության մեջ, սա հայկական բանկից առաջին ամենախոշոր հափշտակությունն է:

Ստորեւ ներկայացնում ենք վերջին  տարիների ընթացքում բանկերի կողոպուտի   ամենաաղմկահարույց դեպքերից մի քանիսը:

2011 թվականին հարձակում էր տեղի ունեցել «Կոնվերս բանկի»  մեկ այլ մասնաճյուղի վրա. հարձակվողը ոստիկան էր, կոչումով կապիտան: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան  Արթուր Հակոբյանը գլխարկով դեմքը ծածկած վիճակում մուտք էր գործել «Կոնվերս բանկի» Նոր Նորք մասնաճյուղի վարչական տարածք եւ «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37800 ՌԴ ռուբլի, 1 մլն 724 հազ. դրամ, 385 եվրո, 6695  դոլար: Հանցագործությունը, սակայն կանխվել էր բանկում ծառայություն իրականացնող ոստիկանի ջանքերով:

Նույն թվականին հարձակում էր տեղի ունեցել «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղի վրա՝ Իջեւանում. 17-ամյա մի երիտասարդ դանակով զինված ավազակային հարձակում է գործել, սակայն բանկի անվտանգության աշխատակցին հաջողվել է վնասազերծել երիտասարդին: Երիտասարդը մտել էր բանկ, քայլել վարկային բաժնի աշխատակցուհու ուղղությամբ, դանակով սպառնացել նրան եւ պահանջել հաշվապահության ողջ գումարն իրեն տալ: Հանցագործությունը կանխվել էր ոստիկանության աշխատակցի կողմից:

2007 թվականին ՎՏԲ (Հայաստան) բանկի  Աբովյան քաղաքի «Կոտայք» մասնաճյուղից անհայտ անձանց կողմից հափշտակվել էր 14 մլն դրամ: 

Երկու տարի անց նույն բանկը կրկին հայտնվել է հարձակման թիրախում. 2009 թվականին հարձակում էր տեղի ունեցել ՎՏԲ (Հայաստան) բանկի երեւանյան մասնաճյուղերից մեկի վրա: Թալանվել էր բանկի թիվ 4 մասնաճյուղը, որը գտնվում է Բաղրամյան 56 հասցեում: Հանցագործները հափշտակել էին մոտ 5 միլիոն դրամ: Հարձակման ժամանակ վնասվածք էր ստացել բանկի աշխատակիցներից մեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել