Tert.am-ը գրում է.

Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին համաձայնագիրը հրապարակվել է երկու կողմերի համաձայնությամբ, նախաստորագրվել է, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ամբիոնից հայտարարել է, որ ՀՀ-ն ծրագրում է ստորագրել այն: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով այն կասկածների մասին, որ փաստաթուղթը կարող է չստորագրվել:

Խորհրդարանի փոխխոսնակը նշեց, որ զգացմունքներով առաջնորդվել պետք չէ, հարկավոր է փաստերով խոսել: Անդրադառնալով ԵԱՏՄ անդամակցության ու ԵՄ համագործակցության համաձայնագրերի միջև անցկացվող համեմատություններին` Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ դրանք տարբեր փաստաթղթեր են և պետք չէ համեմատել: Նա հորդորեց մարդկանց «պրոֆեսորների» տեղ չդնել, առանց կարդալու համաձայնագրի տեքստը` կարծիքներ չհայտնել, միայն վերնագիրը նայելով  համեմատություններ չանել ԵԱՏՄ անդամակցության փաստաթղթի հետ:

- Այսօր արդեն մտահոգություններ են հնչում առ այն, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության համաձայնագիրը, որը նախատեսված է ստորագրել նոյեմբերին, կօգտագործվի իշխանության կողմից՝ վարչապետի առաջիկա ընտրության համատեքստում: Ըստ տեսակետների՝ այն կարող է դառնալ Սերժ Սարգսյանի ձեռքում խաղաքարտ` վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրման հենասյուներից մեկը:

- Չեմ կարծում, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալը, իշխող կուսակցության խոսնակը պետք է գնահատականներ տա մամուլի տեսական, երևակայական մտքերին: Մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ նախագահ Սերժ Սարգսյանից բացի որևէ մեկը չի կարող ավելին ասել Հայաստան-Եվրամիություն նախաստորագրված համաձայնագրի մասին, որը հրապարակվել է կողմերի համաձայնությամբ: ՄԱԿ-ի բարձր ամբիոնից պարոն նախագահն ասել է, որ Հայաստանը ծրագրում է ստորագրել այդ համաձայնագիրը: Որևէ մեկը սրանից ավել չի կարող որևէ բան ասել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ որքան մենք մոտենում ենք նոյեմբերին՝ բրյուսելյան գագաթնաժողովին, այնքան տարբեր քաղաքագետներ, տարբեր վերլուծաբաններ, փորձում են իրենց ինֆորմացված ցույց տալ: Փաստաթուղթը նախաստորագրված է, հրապարակված է, նախագահն էլ հայտնել է Հայաստանի դիրքորոշումն այս կապակցությամբ: Մնացածը՝ խնդիրներ կան, չկան, վաղը կլինի, թե մյուս օրը, Կիկոսի մահի ժանրից է, որը ես մեկնաբանել չեմ ուզում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել