Armtimes.com-ը գրում է.

ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ապօրինի ծառահատումների խնդրին: Վարչապետը նշեց, որ առաջիկայում անտառների կառավարման եւ պահպանման արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների լուծման նպատակով տրված իր հանձնարականի հիման վրա հայեցակարգ կներկայացվի կառավարության աշխատակազմ:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ կատարված ուսումանսիրությունների արդյուքնում պարզ է դարձել, որ ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական եւ քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում ապօրինի ծառահատման դեպքերի կանխմանը: «Մյուս կողմից վերջին տարիներին ավելի քան 3 անգամ նվազեցվել է բնափայտի մթերման օրինական ծավալները»,- ասաց Կարեն Կարապետյանն ու հանձնարարական տվեց բնապահպանության, գյուղատնտեսության եւ տարածքային զարգացման նախարարներին:

Ըստ հանձնարարականի, վերջիններս պետք է շարունակեն անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնություն տալով սոցիալապես խոցելի խմբերին, եւ ապահովեն այդ գործընթացի թափանցիկությունը:

«Երկրորդ՝ 10-օրյա ժամկետում համատեղ քննարկել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված եւ օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի եւ սահմանափակումների վրա: Երրորդ՝ երկու ամսյա ժամկետում քննարկել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական եւ քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման եւ խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը գտնում է, որ հաշվի առնելով շուկայի ռեալ ծավալները եւ ստվերը, պետք է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում բարեփոխումներ կատարեն, տրամաբանության չափով օրինականացնեն անտառահատուները, իսկ ֆինասական միջոցերն ուղղեն «Հայանտառ» ՊՈԱԿ, որպեսզի վերջիններս պատրաստված լինեն գույքով, բոլոր անհրաժեշտ գործիքներով, որով էլ հսկողությունը հստակ եւ կոշտ դարձնեն:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Երեւան-Դիլիջան ավտոմայրուղին փակել էին Հաղարծին գյուղի բնակիչները եւ պահանջում էին վարչապետ Կարեն Կարապետյանին: Վերջիններս բողոքում էին, որ ոստիկանությունը թույլ չի տալիս անտառից վառելափայտ տեղափոխեն: Այդ ակցիաից մոտ մեկ ամիս անց Դիլիջան ազգային պարկի տարածքում հրկիզվեց անտառապահների հենակետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել