Tert.am-ը գրում է.
Tert.am-ն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ զրուցել է Թուրքիայի՝ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին միանալու հնարավորության և հետևանքների,  ինչպես նաև հայ –իրանական հարաբերությունների մասին: Քոքոբելյանը գտնում է, որ հայ-թուրքական սահմանի չբացման թիվ մեկ ջատագովը հենց Ռուսաստանն է, և այստեղից ուղղակի բխում է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը Թուրքիայի՝ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին միանալու հետ որևէ կապ չունի:

Միաժամանակ, ըստ նրա, եթե Թուրքիան «առանց մաքս» հարաբերություններ ունենա ԵԱՏՄ-ի հետ, այդ դեպքում ամենևին էլ պարտադիր չէ բացել Հայաստանի հետ սահմանը։ Քոքոբելյանը, խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին, հույս հայտնեց, որ ՀՀ-ի հետ կապված բոլոր որոշումները պետք է կայացնի բացառապես ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը:

- Պարո՛ն Քոքոբելյան, արտաքին քաղաքական սենսացիային մոտ օրակարգ հասունացավ այն բանից հետո, երբ Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ մտադիր են միանալ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին, դրան հասցրել են արձագանքել հայկական և ռուսական կողմերը: Հիմա հիմնական հարցադրումն է՝ այս պայմանագրի հետևանքով կբացվի՞, թե՞ չի բացվի հայ-թուրքական սահմանը:

- Մամուլից ծանոթացել եմ հայկական կողմի տեսակետներին և չեմ կարող չնշել, որ շատ մակերեսային մոտեցումներ են առաջ քաշվում ու քննարկվում: Նախ՝ հասկանանք, որ սա արևմտյան պրոյեկտ չէ, սա եվրասիական է: Եվ քաղաքականության հետ աղերս ունեցող յուրաքանչյուր ոք պետք է առնվազն ունենա այն տարրական պատկերացումը, որ հայ-թուրքական սահմանի չբացման թիվ մեկ ջատագովը հենց Ռուսաստանն է: Եվ այստեղից ուղղակի բխում է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը Թուրքիայի՝ ԵԱՏՄ մաքսային համաձայնագրին միանալու հետ որևէ կապ չունի։ Բացի դրանից՝ այստեղ հարցը ոչ թե ԵԱՏՄ անդամակցության, այլ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին է, ինչը հնարավորություն կարող է տալ, որ Թուրքիան «առանց մաքս» հարաբերություններ ունենա ԵԱՏՄ-ի հետ, և ամենևին էլ պարտադիր չէ այդ դեպքում բացել Հայաստանի հետ սահմանը։  Ես սա ցավով եմ ասում, քանզի միշտ այն կարծիքին եմ եղել, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի: Բայց հայ-թուրքական սահմանի բացման մոտիվացիան ու շարժառիթներն այլ տեղ պետք է փնտրել։ Էլեմենտար տնտեսական ու քաղաքական հաշվարկ է, որ հայ –թուրքական սահմանի բացումն ակնհայտորեն բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, և անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Հայաստանի հետ միակողմանի փակել է սահմանը: Եվ թող ոչ ոք չասի, թե սահմանի փակ լինելը դրական երևույթ է: Ցավալի է, բայց կան նույնիսկ պաշտոնյաներ, որ ասում են, թե «Փառք Աստծո, որ չի բացվում սահմանը»: Ես այդ մոտեցումներն անհասկանալի և անհեռատես եմ համարում, քանզի զուտ տնտեսական առումով սահմանի բացումը մեզ օդ ու ջրի պես պետք է: Ավելին՝ մենք պետք է աշխատենք և մեր օրենսդրությամբ էլ նպաստավոր դաշտ ապահովենք, որպեսզի սահմանի բացումը նոր խնդիրներ չառաջացնի հայ-թուրքական հարաբերություններում՝ տնտեսական էքսպանսիայի հետ կապված: Հաջորդ խնդիրը, ցավոք, Մաքսային միությանն անդամակցության հետ կապված, Թուրքիան կարող է արհամարհել հայ-թուրքական սահմանի բացումը, ինչու ոչ՝ նաև շահարկել:

-Ռուս քաղաքագետ Կոլերովը մոտավորապես այդպես էլ ասել էր, որ հայ-թուրքական սահմանի բացում չի ենթադրվում:

- Հայաստանը պետք է կարողանա քաղաքական կամք դրսևորել և, որպես ԵԱՏՄ անդամ պետություն, պաշտպանել իր շահերն, ինչին, ցավոք, չեմ հավատում, որովհետև մինչ այս ԵԱՏՄ-ում մեր իրավունքների հետ կապված խնդիրներից որևէ մեկը չեն կարողացել լուծել ի շահ Հայաստանի: Եվ հայ-ռուսական հարաբերությունները բառիս բուն իմաստով վերածվել են արտագնա աշխատողներին առնչվող գործընթացի: Փոխանակ խոսվի ռուսական կողմից Ադրբեջանին հարձակողական տիպի զենքի վաճառքի մասին, օրերս էլ արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ռուսական նորագույն զենիթահրթիռային C-500 համակարգերի հավանական գնորդների ցանկում է։ Իսկ C-500-ը հայտնի C-400-ի կատարելագործված տարբերակն է։ Այ, այս կարևորագույն խնդրի մասին պապանձվում են, բայց գործ անելու իմիտացիա ստեղծելու համար բարձրաձայնում ու հետո էլ քաջաբար լուծում են ամենապարզ, ամենաէլեմենտար խնդիրները: Չեմ ասում, որ այդ խնդիրները չպետք է լուծվեն, բայց կան շատ ավելի առաջնային ու կարևոր խնդիրներ, որոնք էլ պատճառն ու հետևանքն են, որ Հայաստանն այսօր այս վիճակում է: Ցավոք, պետք է նշեմ, որ ռուս-թուրքական հարաբերությունների վրա Հայաստանը երբեք էլ էական ազդեցություն չի ունեցել: Եվ պետք է գոնե այժմ ամեն ինչ անենք, որ Հայաստանն ազդեցություն ունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա և իր շահերը այդ համատեքստում պաշտպանի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել