Armtimes.com-ը գրում է.

Այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում («Հանրապետական ծննդատուն») շաբաթ` օգոստոսի 19-ին, նորածին է մահացել:

Կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, արձագանքելով տեղեկությանը, armtimes.com-ին ասաց, որ դա եղել է ոչ թե նորածնի, այլ պտղի ներարգանդային մահ:

«Մոր մոտ առաջացել է ընկերքի տոտալ` լրիվ, անջատում, պտուղը լավ չի շնչել: Բարեբախտաբար, հասցրեցինք մոր կյանքը փրկել: Պտուղն այդ տոտալ անջատման հետեւանքով եղել է շնչահեղձ: Ընկերքի լրիվ անջատումն է պատճառը, որ միակ լուծում համարվել է կեսարյան հատումը»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը:

Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ երեխային կորցրած կնոջ հարազատների համար անհասականի է եղել, թե ինչու է որոշվել կեսարյան հատում անել:   

Ինչ վերաբերում է ընկերքի անջատման պատճառին, բուժհաստատության տնօրենը պատասխանեց. «Ընկերքի անջատման պատճառն ամբողջ աշխարհում ուսումնասիրվում է: Դա համարվում է համար մեկ պրոբլեմը ծննդօգնության մեջ: Պատճառներից կարող են լինել ընկերքի անբավարարությունը, ընկերք-արգանդային անբավարարությունը, բորբոքային պրոցեսները, իմունանբավարարությունը, հորմոնալ խանգարումները եւ այլն: Միանշանակ պատճառ չկա: Այսօր Հայաստանում բավական շատ է տարածված ընկերքի անջատումը հղիության ժամանակ` մասնակի կամ լրիվ: Այնպես որ, դա եզակի դեպք չէ»,- նշեց հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը:

Ինչ վերաբերում է այդ խնդիրը կանխատեսել ու կանխելու մասին հարցին, նա պատասխանեց. «Հղիության ժամանակ, երբ լինում է, գալիս են հետազոտության, ախտորոշում, բուժում ենք: Բայց, երբ որ ծննդաբերության ժամանակ կինը ցավ է տալիս, դա հանկարծակի է առաջանում»:

Ռազմիկ Աբրահամյանը չի ընդունում չծնված երեխայի հարազատների մեղադրանքները` ուղղված բժշկին` ասելով, որ նա մեր հանրապետությունում ճանաչված գիտությունների դոկտոր է, շատ բարձր կարգի մասնագետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել